Անչափահասների հաշվին ռեյտինգ ապահովելն արգելվում է. Շուշան Դոյդոյան
InterviewԱնձնական տվյալների պաշտպանության իրավունքը սահմանադրական իրավունք է: ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ»: Իսկ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան»:
Անդրադառնալով վերը թվարկված դրույթներին ու հատկապես երեխաների անձնական տվայլների պաշտպանությանը՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ ՀՀ-ում հատկապես երեխաների անձնական տվյալների պաշտպանության գծով բավական մեծ անելիքներ կան:
Ըստ Շ. Դոյդոյանի՝ անչափահասների վերաբերյալ տվյալների հրապարակայնացումը հիմնականում իրականացվում է հենց ԶԼՄ-ների միջոցով:
«Որպես օրինակ կարող եմ բերել անչափահասի բռնաբարության գործի հետ կապված տեղեկության հրապարակայնացումը: Գործը վերաբերել էր ոչ թե բռնաբարությանը, այլ սուտ մատնություն տալուն, եւ լրատվամիջոցը բարեխղճորեն, հղում տալով datalex.am կայքին, հրապարակել էր այդ տեղեկատվությունը: Սա, ինչ խոսք, ցավալի դեպք էր»,- նկատեց Շուշան Դոյդոյանը՝ հավելելով, թե երբ հղում է տրվում պաշտոնական կայքին, լրատվամիջոցը պետք է հիշի, որ հարկավոր է գործել էթիկական նորմերին համապատասխան:
«Նախ՝ լրատվամիջոցն իր համար պետք է պատասխանի հետեւյալ հարցին՝ արդյո՞ք անչափահասի բռնաբարությանը վերաբերող տվյալները հրապարակելն առանց ապանձնավորման մեթոդի, ճիշտ է:
Մենք բազմիցս հայտարարել ու հորդորել ենք ԶԼՄ-ներին երեխաների վերաբերյալ հրապարակումներին էլ ավելի զգույշ մոտենալ, գործի դնել ապանձնավորման մեթոդները՝ փոխել անուն-ազգանունը, բնակության վայրը, շրջանը»,- ասաց նա:
Ինչպես նշեց անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը, երեխայի անուն-ազգանունն ու այլ տվյալներ կարելի է հրապարակել, եթե դա բխում է նրա լավագույն շահից՝ եթե վտանգ է սպառնում նրա կյանքին, անվտանգությանը.
«Անչափահասների մասին տեղեկություններ, ինչպես նաեւ լուսանկարներ հրապարակելը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ հետագայում նրա համար»:
Քանի որ ԶԼՄ-ների գործառույթների հետ կապված հնարավոր չէ իրավական հատուկ սահմանափակումներ դնել, պետք է առաջնորդվել էթիկական նորմերով:
«Այս դեպքում կարեւոր է ոչ թե լրատվամիջոցի իրավական, այլ էթիկական պատասխանատվությունը: Ցավով պետք է նշեմ, որ հայաստանյան ԶԼՄ-ները հաճախ են դիմում երեխաների վերաբերյալ նյութերի հարապարակումներին՝ մեծ լսարան գրավելու համար: Անչափահասների հաշվին ռեյտինգ ապահովելն արգելվում է»,- հավելեց նա:
Այս պահին մշակվում է ուղեցույց, որտեղ կլինեն կարգավորումներ՝ ուղղված ԶԼՄ-ներին, կրթական, բժշկական հաստատություններին: «Մենք փորձելու ենք խնդիրը կարգավորել բոլոր ուղղություններով: Այն չի լինելու իրավական ակտ ու բնականաբար չի լինելու պարտադիր: Ուղեցույցն առայժմ կունենա խորհրդատվական բնույթ: Երբ տեսնենք, որ այս տարբերակը ոչ այդքան էֆեկտիվ է, այդ ժամանակ նոր կանցնենք կոշտ միջամտությունների՝ իրավական ակտերի տեսքով»,- ասաց Շուշան Դոյդոյանը՝ հավաստիացնելով, որ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը չունի լրատվամիջոցի աշխատանքային գործընթացին միջամտելու նպատակ. «Պարզապես ցույց ենք տալու լավագույն փորձն ու խնդրելու ենք, որ հետեւեն դրան»: