Ես չեմ կարող տուժած քաղաքացիներին դարձնել քաղաքական ավանտյուրայի զոհ. Մ.Ասլանյան
InterviewՔիչ առաջ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջով դեկտեմբերի 5-ին հրդեհից տուժած վանաձորցիներին օգնություն ցուցաբերելու նպատակով հանգանակության մասին տեղեկություն է տարածել:
Orer.am-ը Մ. Ասլանյանից փորձեց պարզել, թե արդյոք նա մտավախություն ունի, որ իր կողմից հրավիրած Վանաձորի ավագանու արտահերթ նիստին, այնուամենայնիվ, չեն մասնակցի նիստերը բոյկոտող ավագանու անդամները և այդ պատճառով է որոշում կայացրել այլ աղբյուրների ևս դիմել:
- Հայտարարված հանգանակությունը ավագանու նիստ գումարելու հետ որևէ կապ չունի, քանի որ նիստի օրակարգով առաջարկվող նյութական օժանդակությունը միայն բավարար չէ նրանց խնդիրները լուծելու համար: Եվ երկրորդ՝ ես չեմ կարող իմ հույսը դնել ավագանու նիստ կայանալու կամ չկայանալու վրա: Ես չեմ կարող տուժած քաղաքացիներին դարձնել քաղաքական ավանտյուրայի զոհ: Այդ իսկ պատճառով ես պարտավոր եմ նաև այլընտրանքային միջոցներո որոնել, որպեսզի կարողանանք անօթևան մնացած մարդկանց խնդիրը որոշակիորեն լուծել:
- Այդ դեպքում բացի Ֆեյսբուքյան ակցիայից՝ ուրիշ ի՞նչ քայլեր եք նաև պատրաստվում ձեռնարկել՝ այս ձմռան կեսին աղետալի վիճակում հայտնված մարդկանց խնդիրը օր առաջ լուծելու համար:
- Մեզ օժանդակող բավականին մարդիկ և կազմակերպություններ կան, և հույս ունեմ, որ դրամահավաք-հանգանակությանը բավականին մարդիկ կարձագանքեն: Եթե ես խոստացել եմ մարդկանց օգնություն տրամադրել, հետևաբար ես չեմ կարող միայն իմ հույսը դնել քաղաքական ինտրիգի վրա: Մանավանդ, որ մամուլում արդեն շահարկումներ են եղել, և որոշ օգտատերեր իրենց անձնական էջերում նշել էին, թե ես աթոռը կամ պաշտոնը պահելու նպատակով շանտաժի են ենթարկում նրանց: Կարելի է մտածել, թե այդ աղետալի դեպքը գուցե ոմանց համար դրական իրադարձություն է եղել, որպեսզի հիմա իրենք փորձեն ինքնադրսևորվել: Ես, ընդամենը որպես համայնքի ղեկավար, իրականացնում եմ այն, ինչը պարտավոր է իրականացնել համայնքի ղեկավարը:
Արմինե Գրիգորյան