Հուսով եմ՝ Ադրբեջանը չի դիմի այն մեթոդներին, որոնք սովորաբար կիրառում է անազատության մեջ գտնվողների նկատմամբ. Կ. Աճեմյան
InterviewՀայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ քաղաքական ենթատեքստ ու ակնարկներ ունեցող գործը դեռ շատ ջուր է քաշելու: Միջազգային հնչեղություն ստացած գործի ու ադրբեջանական իշխանության հերթական շոուի մասին Orer.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ, ով կարծում է, որ բլոգերի իրավունքների պաշտպանության համար պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ մինչեւ գրանցվի դրական արդյունք:
«ՀՀ-ն տարբեր օղակներով պետք է անպայման ասի իր ասելիքը: Սա միջազգային նշանակության սկանդալ է: Այս պահին Բելառուսին կարող ենք դնել Ադրբեջանի կողքին, որն իր ավտորիտար ռեժիմով ու ապագայի հանդեպ իր տեսլականով, կարծես, ժողովրդավարության ու մարդու իրավունքների թեման ուղղակի փակուղի է մտցնում: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը ՌԴ-ի արտգործնախարարությունը պետք է հետեւողական լինեն, որպեսզի Լապշինի գործը կարողանան հանգուցալուծել հօգուտ նրա» ,- ասաց պատգամավորը:
Քաջատեղյակ լինելով բանտարկյալների նկատմամբ ադրբեջանական իշխանության վերաբերմունքից՝ Կ. Աճեմյանն ասաց. «Քանի որ սկանդալը մեծ հնչեղություն ունի, հուսով եմ, որ նրանք չեն դիմի այն մեթոդներին, որոնք սովորաբար կիրառում են: Լապշինի արտահանձնումը, այն էլ այդ ձեւով, ու կալանավորումը չի խոսում որեւէ լավ բանի մասին»,- նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ թե՛ ՀՀ ԱԳՆ-ն ու թե՛ միջազգային հանրությունը պետք է հետեւողական լինեն գործի նկատմամբ ու բարձրաձայնեն խնդրի մասին այնքան ժամանակ, մինչև հարցը լուծվի հօգուտ Լապշինի:
Ի հեճուկս հնչեցված այն տեսակետների, թե տեղի ունեցածը մարդկային լայն հոսք կապահովի դեպի Արցախ, Աճեմյանը կարծում է, որ դա կարող է դառնալ վատ նախադեպ ու մարդիկ՝ հատկապես լրագրողները, պարզապես կվախենան Արցախ այցելել. «Այո՛, սա կարող է վատ նախադեպ լինել, սակայն մի կողմից էլ կմեծանա մարդկանց հետաքրքրությունն Արցախի հանդեպ: Մենք բարոյական ու իրավական առումով պետք է անենք այն, ինչ կարող ենք Լապշինի համար»:
Սոսե Չանդոյան