Ես ոչ Սամվել Բաբայան եմ տեսել, ոչ էլ. Տիգրան Կարապետյան
InterviewԱյդպես էլ ՕՀՕ դաշինքի մաս չդարձած քաղաքական գործիչներից Վիկտոր Դալլաքյանն ու Պարույր Հայրիկյանը, կիսով չափ բացելով տվյալ թիմի խաղաքարտերը, իրենց դժգոհությունն են հայտնում առ այն, որ կառույցն իրականում ղեկավարվում է երրորդ անձանց կողմից ու որ այդտեղ մեկ միասնական թիմով հանդես գալու համար ոչ բարենպաստ պայմաններ են:
Orer.am-ի հետ զրույցում, խոսելով Պարույր Հայրիկյանի այն հայտարարության մասին, թե ՕՀՕ-ում կան սադրիչներ, «Ժողովրդական» կուսակցության նախագահ Կարեն Կարապետյանն ասաց, որ լինելով թիմի անդամ ինքը նման բան չի նկատել. «Ես չեմ տեսնում նման բաներ: Ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա՝ հավելելով, որ թիմին միանալու հիմնական նպատակը համակարգ փոխելն է:
«Անարդարություն է տիրում, ու պետք է համակարգը փոխվի, ու մենք բոլորս պետք է ձգտենք միավորվենք, այդ առումով եմ ես դաշինքին միացել»:
Անդրադառնալով նաեւ այն խոսակցություններին, թե Սամվել Բաբայանի կողմից ցուցակ է ներկայացվել, եւ ըստ այդ ցուցակի՝ պետք է անձինք ընդգծված ֆիգուրներ լինեն ու ներկայացված լինեն ԱԺ-ում, Կարապետյանն ասաց. «Ես այդպիսի բան չեմ տեսել, չգիտեմ, գուցե Դալլաքյանը տեսել է, չեմ կարող ասել: Ես ոչ Սամվել Բաբայան եմ տեսել, ոչ էլ: Ես գործ ունեմ Սեյրան Օհանյանի հետ, տեսել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, Վարդան Օսկանյանին, բոլորին տեսել եմ, բայց Սամվել Բաբայանին դեռ չեմ տեսել»:
Վիկտոր Դալլաքյանի ՕՀՕ-ից հեռանալը պարզապես խռովության հետեւանք չէ: Ըստ մեր տեղեկությունների՝ Սամվել Բաբայանն իր անվստահությունն է հայտնել Դալլաքյանի նկատմամբ հենց սկզբից, իսկ որոշ ժամանակ անց կոնկրետ փաստեր են դրվել Դալլաքյանի առաջ, որոնց հետեւանքով էլ վերջինս դեռ չստեղծված դաշինքը լքելուց բացի այլընտրանք չի ունեցել: Իսկ թե ինչ փաստերի մասին է խոսքը, կներկայացնենք հաջորդիվ:
Սոսե Չանդոյան