Մենք երկու անգամ աղքատ ենք Վրաստանից, հինգ անգամ` Ադրբեջանից. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը
– Պարոն Մակարյան, այսօր մեր երկիրն ունի՞ տնտեսության զարգացման իր ռազմավարությունը:
– Որոշակիորեն ունի: Նախ կառավարության յուրաքանչյուր տարվա ծրագիր այդ ծրագրի մի մասն է: Իսկ ինչ վերաբերում է հեռահար նպատակներին, ապա կառավարության վերջին ծրագրում ռազմավարական բնույթի որոշ գաղափարներ կան, որոնք ներառում են մինչև 2018 թվականը: Որոշ գաղափարներ էլ ավելի երկար տարիների համար են: Մասնավորապես նախատեսվում է յուրաքանչյուր տարի հիմնադրել 100 հեկտարից ավելի նոր տիպի այգիներ: Կամ կոռուպցիայի դեմ պայքարի, ստվերի կրճատման նախաձեռնությունները մեկ տարվա համար չեն, դրանք ընդգրկում են ավելի երկար ժամանակաշրջան: Ստեղծվում են նաև բիզնեսի զարգացման համար հիմնադրամներ: Սրանք հեռանկարային բնույթի ծրագրեր են:
Միաժամանակ մեր պետությունը սոցիալ–տնտեսական որոշակի խնդիրների վերաբերյալ մինչև 2025 թվականի համար ընդունել է հստակ ռազմավարություն: Այն ներառում է աղքատության և գործազրկության նվազեցումը և ստվերի կրճատումը: Իսկ եթե խոսում ենք աղքատության և գործազրկության ծավալների կրճատման մասին, բանականաբար դրա համար պետք է լինի տնտեսական հիմք:
– Իսկ մենք գիտե՞նք, թե ինչ ենք զարգացնելու մեր երկրում, մենք մեր առաջ դրե՞լ ենք թիրախային ուղղություններ:
– Կան դեռևս 2012 թվականին կառավարության կողմից հաստատված գերակա ուղղություններ: 11 ոլորտներ համարվել են այդպիսիք` հանքարդյունաբերություն, տեքստիլ արդյունաբերություն, տուրիզմ, դեղագործությոուն, ՏՏ ոլորտ, ճշգրիտ ճարտարագիտություն, սննդի արդյունաբերություն և այլն: Պետությունն օգտագործում է որոշակի գործիքներ, այս ոլորտների զարգացումը խթանելու համար:
Իսկ ինչ վերաբերում է ձեր ասած տեսլականին, ըստ իս, ճիշտ է, կառավարությունը հստակ ձևակերպումով չի ներկայացրել, բայց անհրաժեշտ տրամաբանությունը պահպանում է որոշակի գործառույթներ իրականացնելիս:
Իմ կարծիքով մեր երկիրը պետք է մտածի այնպիսի ոլորտների զարգացման մասին, որոնք նվազագույնս քիչ կլինեն կախված ճանապարհային խնդիրներից: Որովհետև դրանք այսօր որոշիչ են մեր տնտեսության զարգացման համար:
– Իսկ ձեզ գոհացրե՞ց ներկա կառավարության կողմից մեր տնտեսության ախտորոշումը: Ամեն ի՞նչ էր ասված:
– Ինձ դուր եկավ, որ նոր կառավարությունն ավելի անկեղծ գտնվեց հանրության առջև: Հստակ ներկայացրեց տնտեսության մեջ առկա խնդիրները. Նախ մատնանշեց նրա զարգացածության ցածր մակարդակը: Տեսեք`մենք նախորդ տարին փակեցինք 0,5% տնտեսական աճով, գործազրկությունը կազմեց 18%, աղքատությունը` 29,8%: Եվ սրանք պաշտոնական թվերն են: Ավելին ասեմ` Հայաստանում աղքատությունը երկու անգամ ավելին է, քան Վրաստանում է, մոտավորոպես 5 անգամ ավելին է, քան Ադրբեջանում է, 6 անգամ ավելին է, քան Ղազախստանում է: Տարածաշրջանում ամենավատ ցուցանիշը մեր երկրում է այս առումով:
Եվ հիմա որպեսզի կարողանանք այս հիմնախնդիրը լուծել, բանականաբար կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը պետք է լինի մեր առաջնային գործը: Որովհետև հսկայական միջոցներ կորչում են, գնում են անհատների գրպանը կամ չեն մտնում տնտեսության մեջ: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հաշվարկներով մեր ՀՆԱ–ի 50%ը ստվերում է: Դա նշանակում է տարեկան մինչև 5 մլրդ դոլար չի երևում ՀՆԱ–ի մեջ: Համապատասխանաբար բյուջե էլ չի մտնում մոտավորապես 1–1,5 մլրդ դոլար: Այսինքն` մենք ներկա 2,5 մլրդ դոլարանոց բյուջեի փոխարեն կարող էինք ունենալ 3,5 կամ մինչև 4 մլրդ դոլարով բյուջե:
– Ախտորոշումը` ախտորոշում: Բայց շատ դանդաղ չե՞նք գնում առաջ: Որովհետև, ի վերջո, հարկավոր է գործ անել:
– Այսօր շատ–շատ բաներ զուգահեռ արվում են: Բայց դա տեսանելի չէ այն պատճառով, քանի որ այս 25 տարում ինստիտուցիոնալ շատ քիչ բան ենք ստեղծել: Չենք խորացել մինչև արմատները: Հարցերին տվել ենք մակերեսային լուծումներ: Ռեֆորմները թերի ենք կատարել: Փողերը փոշիացրել ենք` ատկատների տեսքով: Պաշտոնյաները, որոնք կրթվել են, փորձ են ձեռք բերել, դուրս են եկել համակարգից: Այսինքն` եղել են ռեսուրսների հսկայական Հկորուստներ:
– Ասել է թե` սայլը տեղից շարժվում է:
– Սայլը տեղից շարժվում է: Բայց պատկերացրեք հող, որն ամիսներով անձրևի երես չի տեսել: Արևից ու շոգից նրա մեջ ճաքեր ու ճեղքեր են առաջացել: Եվ մենք սկսում ենք այս հողը ջրել: Բնականաբար ջուրը կորչում է ճեղքերի մեջ ու դեռևս չի երևում: Մենք, ավելի ճիշտ` մեր տնտեսությունն այս հողի նման է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: