Դա քաղաքական շիզոֆրենիա է. Լ. Ալավերդյան
InterviewԱրցախում երեկ անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը բավական մեծ աղմուկ ու հիստերիա է առաջացրել հարեւան պետությունում: Նկատենք, որ ադրբեջանաիշխանական լրատվամիջոցները բաց տեքստով իրենց անհանգստությունն են արտահայտում հատկապես ԼՂՀ-ի վերանվանափոխությանը Արցախի Հանրապետության: Ըստ ալիեւյան կլանի քարոզչամեքենաների տարածած տեղեկատվության՝ անվանափոխությունը ղարաբաղյան հակամարտության կոնտեքստ է փոխում, որն իր հերթին նշանակում է, որ պատերազմական նոր գործողությունները պարզապես անխուսափելի են դառնում:
Արցախի նոր Սահմանադրության, դրա որակական փոփոխությունների ու ադրբեջանական լրատվամիջոցների խուճապային հրապարակումների շուրջ Orer.am-ը զրուցեց ՀՀ ՄԻՊ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ. «Արցախն այսօր գտնվում է այնպիսի վիճակում, որը պահանջում է ավելի շատ միանձնյա ղեկավարի պատասխանատվությունն ընդգծել, այդ իսկ պատճառով որոշվել է փոխել Սահմանադրությունը: Հանրաքվեի արդյունքները ցույց կտան, թե ժողովրդի քանի տոկոսն է համաձայն Սահմանադրական փոփոխությունների հետ: Պետք է նշեմ, որ Արցախն առաջին պետությունը չէ, որ այդպիսի օրհասական իրավիճակներում իրապես գտնում է, որ տվյալ դեպքում կիսանախագահական կառավարումը պետք է փոխվի ուղղակի նախագահականի»:
Խոսելով նոր Սահմանադրության՝ մարդու իրավունքների մասին, ՄԻՊ առաջին պաշտպանն ընդգծեց, որ պատերազմող երկրների համար մարդու իրավունքների հարցը բոլորովին այլ համատեքստում են դիտարկում: «Անգամ միջազգային պայմանագրերն են նախատեսում որոշ սահմանափակումներ պատերազմական իրավիճակներում ու արտակարգ դրությունների ժամանակ: Եթե նայում ենք Սահմանադրությանը, ապա մարդու իրավունքների տեսանկյունից երեւացող փոփոխություն, որպես այդպիսին, կարծես, թե չկա»,- ասաց նա:
Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեսակետներին՝ Լ. Ալավերդյանը, զարմանք արտահայտելով, ասաց. «Ինչպես ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը՝ դա քաղաքական շիզոֆրենիա է: Նրանք հայտարարում էին, որ այդ փոփոխությունները իրենք անտեսում են, իսկ հիմա այլ բան են պնդում: Ես ուղղակի զարմացած եմ: ԼՂՀ-ի սահմանադրական փոփոխությունները կտրուկ տարբերվում են հայկականից՝ համակարգային առումով, մենք այդտեղ չենք տեսնում որեւէ խնդիր սոցիալական, քաղաքական անգամ պաշտպանական ինտեգրման հարցի շուջ: Այստեղ է, որ հարց է առաջանում, իսկ Ադրբեջանին ինչով է խանգարում այն, թե Արցախում ինչ համակարգ կլինի, չէ՞ որ նրանք Եվրոպայի խորհուրդ մտնելուց հրաժարվել են՝ ասելով, որ որեւէ պատասխանատվություն մարդու իրավունքների համար չեն կրում այն տարածքներում, որտեղ տարածվում է ԼՂՀ իշխանությունների իրավասությունը: Այս պարագայում ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների մեջ տրամաբանություն ման գալն ինքնին սխալ է: Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմից եւ որեւէ մեկը անգամ ուշադիր չի կարդացել նոր Սահմանադրությունը: Պարզապես սա առիթ է եւս մեկ անգամ հանդես գալ սպառնալիքի ու ուժային գործողությունների տեսանկյունից»:
Սոսե Չանդոյան