Չեմ կարծում, որ Թեհրանից կտրուկ արձագանք կլինի. Ս. Գրիգորյան
InterviewՕրերս լիբանանյան VDL հեռուստաալիքը տեղեկություն տարածեց այն մասին, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել սիրիական «Ալ Քութայֆա» լեռնային հատվածի ուղղությամբ: Նույն աղբյուրի հաղորդմամբ, տվյալ օդուժը գրոհել է այդ լեռներում տեղակայված իրանական հատուկ ջոկատայինների դիրքերը: Նշենք, որ հարձակման վայրը գտնվում է Սիրիայի ու Լիբանանի սահմանագոտու մոտակայքում:
Սրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների ու դրանց զարգացումների շուրջ Orer.am-ը զրուցեց արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ. «Իսրայելն անհանգստացած է հարեւան երկրներում ընթացող զարգացումներով: Ճիշտ է թե՛ Լիբանանում ու թե՛ Սիրիայում տվյալ պետությունն անմիջական մասնակցություն չունի, սակայն իր օդուժով, հետախուզական ցանցով միջնորդավորված քաղաքականություն է վարում հարեւան երկրներում ու Սիրիայում դա ակնհայտ է, այդ հարվածներն էլ վառ վկայություն են»,-ասաց արաբագետը՝ հավելելով, որ իսրայելական օդուժը մշտապես հարվածներ է հասցնում հենց այդ հատվածներում, սակայն հիմնական թիրախը Հեզբոլլահ է, տեղի ռազմակայաններն ու մարտիկներն են:
Խոսելով նաեւ Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում Իրանի չհայտարարված ներգրավվածության մասին Ս. Գրիգորյանն ասաց. «Այն, որ իրանական հատուկ ծառայության աշխատակիցներ կան Սիրիայում, միանշանակ է: Հենց այդ հատվածներում էլ, ըստ տրամաբանության, նրանք պետք է տեղակայված լնեին: Այստեղից կարող ենք եզրահանգման գալ, որ չի բացառվում, որ թիրախում եղել են հենց իրանական կամ շիական ուղղության մարտիկները»,-ասաց նա՝ հավելելով. «Իսրայելն իրականացնում է իր անվտանգության պաշտպանությունը: Տվյալ պետությունը փորձում է հնարավորինս վերահսկել իրադրությունը: Այն պարագայում, երբ վերահսկողությունը դուրս է գալիս իսրայելական բանակի հսկողությունից, նրանք գործի են դնում իրենց ուժը: Բացի նրանից, որ այդ ավիահարվածներով Իսրայելը կոնկրետ խնդիր է լուծում, ինչպես արդեն ասացի, նա նաեւ անվտանգության հարց է լուծում»:
Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերությունների սրմանը, ապա արաբագետը կարծում է, որ դրանք այդքան էլ իրատեսական չեն, քանի որ Իրանը Սիրիայում գործում է ոչ բացահայտ. «Իրանը բացահայտ չի հայտարարում, որ Սիրիայում զինուժ ունի, քանի որ դրանով կարող են հրահրվել դավանական հակասություններ, ինչն Իրանին այս փուլում միանշանակ ձեռնտու չէ: Չեմ կարծում, որ Թեհրանից կտրուկ արձագանք կլինի: Նրանք փորձում են ավելի զուսպ քաղաքականություն իրականացնել: Հնարավոր է, որ քննադատություններ հնչեն Իրանի կողմից՝ զուտ շիական կառույցները հրթիռակոծելու առումով, բայց ոչ ավելին: Ամեն դեպքում պետք է սպասել հետագա զարգացումներին»:
Սոսե Չանդոյան