ՀՀԿ-ականների միջեւ «մարտական գործողությունները» սպասելի էին
InterviewԵրեկ ուշ երեկոյան Արարատի մարզի Մասիս քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել երկու Հանրապետականների՝ Արայիկ Գրիգորյանի ու Մուրադ Մուրադյանի միջեւ, ինչի հետ կապված Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ. «ՀՀԿ նախագահը, ով նաեւ համատեղությամբ ՀՀ-ի նախագահն է, իր այս համակարգը ներդնելով, ցանկացավ մեկ կրակոցով երկու նապաստակ խփել: Առաջինը՝ ինքը քաղաքականացրեց ամբողջ էլիտային, լինի դա տնտեսական կամ քաղաքական, այսինքն թույլ չտվեց, որ նրանք գործեն որպես անկախ պատգամավորներ, երկրորդը՝ այս քայլով նա պարտադրեց բոլորին, որ նրանք համապատասխան թվաքանակի ձայն ապահովեն: Քանի որ մարզերն անծայրածիր չեն ու չունեն անհաշվելի բնակչություն, պարզ է, որ եթե մի մարզում մի կուսակցությունից թեկնածություն են դնում տասից ավել մարդիկ, բնականաբար դա իր բացասական հետեւանքները պետք է ունենար, ու ինչպես տեսնում ենք, այդ հետեւանքները չուշացան. դեռ քարոզարշավը չսկսած՝ սկսվել է ծեծկռտուք»:
Ինչպես նշեց քաղաքագետը, ծեծկռտուքը սպասելի էր, եւ այն միակը դեպքը չի լինելու, որպես օրինակ Գ. Համբարյանը բերեց Շիրակի մարզում տեղի ունեցած զարգացումները. «Ճիշտ է, Շիրակի մարզում ծեծկռտուք տեղի չունեցավ, սակայն այդտեղ ՀՀԿ էլիտան արեց ամեն ինչ, որպեսզի խաղից դուրս հանի Սամվել Բալասանյանի որդուն, ով շատ մեծ հավակնորդ էր ու կարող էր խառնել շատերի խաղաքարտերը: Նույն ՀՀԿ-ի մեջ այս զարգացումները վաղուց էին սկսել, բայց այն, որ իրենք դա «մարտական գործողությունների» պետք է վերածեին, սպասելի էր մարտի 5-ից հետո: Ինչպես տեսնում ենք, կրքերը բավական լարված են»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ սա ոչ առաջին ու ոչ էլ վերջին նմանօրինակ դեպքն է լինելու:
«Մարդիկ ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերում, մարզերը բաժանում են իրար մեջ: Պարզվում է, որ մի ՀՀԿ թեկնածուն իրավունք չունի Արարատում քարոզել, մյուս ՀՀԿ թեկնածուն իրավունք չունի Վեդիում քարոզել, մեկ այլ ՀՀԿ թեկնածու իրավունք չունի Մասիսում քարոզել, եւ այս ամենը կոչվում է ժողովրդավարությո՞ւն»,-զարմանք արտահայտելով նշեց քաղաքագետը:
Ըստ Գագիկ Համբարյանի՝ նման գործելաոճը ՀՀ-ի ու ՀՀ մարզերի տարրական ֆեոդալական մասնատման փորձ է. «Մարդիկ պետք է ազատ գործեն ու իրենց ծրագրերն իրականացնեն, ոչ ոք իրավունք չունի ասել չմտնես իմ տարածք: Հետաքրքիր է՝ այդ ո՞ւմից են ժառանգել այդ տարածքները: Երեկ մեկ, այսօր երկուս կոմունիստների ժամանակ իրենցից ոչինչ չներկայացնողները հիմա իշխանության են հասել ու փորձում են մասնատել Հայաստանը ֆեոդալական համակարգով: Մարդիկ պետք է պատմությունն իմանան, որ հասկանան, թե ինչ մեծ վտանգ է դա իրենից ներկայացնում: Որքան շուտ, այդքան լավ հանրապետության նախագահը պետք է շատ կտրուկ կանխի այս դրսեւորումները, որոնք սկսել են ջրի երես դուրս գալ»,-ասաց քաղաքագետը:
Սոսե Չանդոյան