Լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի նոր պատկերագրքում հազար խաչքար է ներկայացված
CultureԼուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի «Խաչքարեր» խորագրով ալբոմում պատկերված են Հայաստանի և Արցախի խաչքարերը: Դրանցից մի քանիսը լուսանկարիչը նկարել է տարվա տարբեր եղանակների: Պատկերագրքի ներկայացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 24-ին` Մատենադարանում:
«Խաչերյան է ազգանունս. խաչ, խաչքար, խաչելություն: Սա իմ խաչն է, որը մեծ հաճույքով եմ կրում: Ալբոմը 516 էջ է: Նկարել եմ սահմանաքարեր, քարակոթողներ` կլոր, խաչաձև: Պատկերագիրքը երեք լեզվով է` ֆրանսերեն, անգլերեն, հայերեն: Կարծում եմ` մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու լավագույն ձևերից մեկը պատկերագիրքն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց լուսանկարիչը:
Նրա խոսքով` առաջին խաչքարերը լուսանկարել է 1992 թվականին Արցախում, այնուհետև Հայաստանում և բոլոր այն երկրներում, որտեղ կան հայկական խաչքարեր:
Պատկերագրքում լուսանկարների մասին տեղեկություններ կան, ինչն էլ այն հասկանալի և ընկալելի է դարձնում նաև օտարերկրացիներին:
Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանն ընդգծեց, որ Հրայր Բազե Խաչերյանը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, հետազոտող, առաջամարտիկ, ֆիդայի: «Նա սավառնում է Հայաստանի լեռներով, եղել է հայկական լեռնաշխարհի բոլոր կետերում և իսկապես բացառիկ աշխատանք է կատարում»,-ասաց Ղևոնդյանը:
Հրայր Բազե Խաչերյանի ընկեր Գևորգ Տեր-Վարդանյանի խոսքով` իրենց ընկերությունը սկսվել է 2001 թվականից:
«Սա նրա 14-րդ ալբոմն է: Նա կարողանում է տեսնել կարևորը. վստահ եմ, որ այս գիրքը նաև գիտական մեծ նշանակություն կարող է ունենալ: Հավանաբար մոտ ժամանակներում հանրությանը կներկայացնենք վանք, ձեռագրերի ծննդավայրեր և ձեռագրեր նոր պատկերագիրքը, որի վրա աշխատում ենք»,-շեշտեց Տեր-Վարդանյանը:
Ըստ նրա`մարդու աչքը միշտ կարոտ է գեղեցիկին, իսկ Հրայր Խաչերյանը կարողանում է ընգդգծել և պատկերավոր ներկայացնել այդ գեղեցկությունը: «Միշտ նրա կողքին կլինեմ ի շահ ազգիս հայոց»,-ասաց լուսանկարչի ընկերը:
Շնորհանդեսին լուսանկարիչը կարճամետրաժ ֆիլմ ցուցադրեց իր կատարած աշխատանքի վերաբերյալ, այնուհետև մանրամասն ներկայացրեց բոլոր այն տարածքները, որտեղ ինքը եղել է և լուսանկարել խաչքարերը:
Հրայր Բազե Խաչերյանը ծնվել է Լիբանանում: Լուսանկարչությամբ հետաքրքրվել է 11 տարեկանից: Լուսանկարչական փոքրիկ սարքով նկարել է դասընկերներին, ծառերը, փողոցները: Ժամանակի ընթացքում այդ զբաղմունքը մեծ նշանակություն է ձեռք բերել Հրայր Բազե Խաչերյանի համար:
Նա թերևս ամենաշատ եկեղեցիներ նկարած լուսանկարիչն է, որը Հայաստան եկավ Արցախյան ազատամարտի տարիներին և մինչ օրս շարունակում է լուսանկարչության միջոցով բացահայտել ու ճանաչել հայոց աշխարհը: Հայտնի է «Արցախ. լուսանկարչական ճանապարհորդություն» (1997թ.), «40 մերկ մարմին» (2001թ.), «Ղարաբաղ. 100 լուսանկար» (2002թ.), «Երկիր» (2005թ.), Արմեն Քյուրքչյանի համահեղինակությամբ՝ «Հայկական զարդանախշային արվեստը» (2010թ.) և «Հայկական զարդատառ» (2012թ.), «Մեկ ազգ, մեկ եկեղեցի» ( 2013թ.) և այլ գրքերով: