Ամեն ինչ այնքան բարդ ու խուճուճ է, որ էլ չասած. Ա. Մանուկյան
Interview«Մենք էն գլխից էլ գիտեինք, որ նման զարգացումներ են լինելու, իսկ ԸՕ-ն կիրառելի չի լինելու: Մրցակցությունը պետք է լինի կուսակցությունների, այլ ոչ թե հասարակության մեջ: Բոլոր նրանք, ովքեր վարչական լծակ են ցանկանալու կիրառել ու փող են բաժանելու արմունկներով խանգարելու են իրար: Դա հիասթափության կբերի ժողովրդի մոտ ու կշահեն այն քաղաքական ուժերը, որոնք արմունկներով չեն աշխատի ու փող չեն բաժանի եւ, իհարկե, վարչական լծակ չեն կիրառի: Լարումները ու նմանատիպ զարգացումներ դեռ շատ են լինելու»,-խոսելով մինչ քարոզարշավի մեկնարկն արձանագրված փաստերի մասին՝ Orer.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Անդրադառնալով ԸՕ-ի հատկապես ռեյտինգային թեկնածուների ձայների հաշվարկմանը վերաբերող դրույթներին ու ընտրատեղամասում ընթացակարգային փոփոխություններին՝ պատգամավորը շեշտեց. «Մենք ասում էինք, որ այս օրենքը 40 տարի առաջ օգտագործել են իտալացիները ու հրաժարվել, ոչ մեկ չի կիրառել այն: Կամ պետք է լիներ համամասնական, կամ մեծամասնական: Որպես քաղաքացի՝ ես իրավունք ունեմ ընտրել X կուսակցության, բայց Y թեկնածուին, այս առումով տվյալ օրենսգիրքը պարտադրում է, եթե ես քվեարկում եմ, օրինակ, Կոնգրեսի օգտին, ապա պարտադիր կոնգրեսականներից մեկի օգտին պետք է քվեարկեմ: ԸՕ-ի ռեյտինգային մասը չարիք է, այս հատվածը լինելու է մեկանգամյա օգտագործման: Հաջորդ ընտրություններին բոլորի խելքին կհասնի ու բոլորը կհրաժարվեն այս մեթոդից»,- ասաց Ա. Մանուկյանը՝ հավելելով, որ այս պահին ժողովուրդը մոլորված է ու չի հասկանում ընթացակարգը, քանի որ այն բավական բարդ է. «Ամեն ինչ այնքան բարդ ու խուճուճ է, որ էլ չասած: Ընտրազանգվածը, այդ թվում նաեւ ԱԺ դահլիճում նստածների մի մասը, չի հասկանում ընթացակարգը: Դահլիճում նստողների հետ կապված, իհարկե, երկու տարբերակ կա. մեկը իրոք հասկանալու խնդիրն է, իսկ մյուսը՝ ԸՕ-ն իսկապես բարդ է: Քաղաքացին պարտավոր չէ ամողջ օրենսգիրքը ու խուճուճ մեխանիզմներին տիրապետել: Ամեն ինչ պետք է հստակ լինի, քաղաքացին պետք է գա արագ իր որոշումը կայացնի գնա»:
Պատգամավորը նշեց նաեւ, որ մինչ ընտրությունները մեծ ծավալով աշխատանքներ պետք է կատարվեն. « Հիմա ողջ իշխանությունը, ԿԸՀ-ն, միջազգային կառույցները ու քաղաքացիական խմբերը պետք է ուղիղ մեկ ամիս բացատրեն, թե ինչպես պետք է քվեարկել»:
Սոսե Չանդոյան