Պալիատիվ օգնությունից օգտվողների ցանկը հարկավոր է ընդլայնել. Հ. Կարապետյան
InterviewՊալիատիվ օգնությունը՝ ամոգիչ օգնությունը, սկիզբ է առել դարեր առաջ: Նախապատմությունը բավական հետաքրքիր է, ըստ անգլիացիների պալիատիվ օգնության հիմքը դրվել է 1967 թվականին՝ Լոնդոնի արվարձաններում, երբ Սեսիլի Սոնդերս կոմսուհին բացել է առաջին հոսպիսը, սակայն իրականությունը խոսում է այլ բանի մասին: Պարզվում է պալիատիվ օգնությունն առաջին անգամ իրականացվել է Հայաստանում, այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց Հայաստանի հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ Հրանտ Կարապետյանը:
«354 թ-ին առաջին եկեղեցական հավաքի ժամանակ որոշում է կայացվել, որպեսզի եկեղեցիների կողքին կառուցեն վանատներ, որոնք պետք է սպասարկեին ու օգնեին կարիքավոր մարդկանց՝ թշվառներին, ճանապարհորդներին, հիվանդներին, որբերին: Բառն ինքնին հուշում է մատուցվող ծառայության մասին, լատիներեն pallium թարգմանաբար նշանակում է թիկնոց»:
Թեեւ պալիատիվ օգնությունն ամբողջ աշխարհում բուռն զարգացում է ապրում, այնուամենայնիվ Հայաստանում այն արմատներ է գցել 2000 թվականից, իսկ 2003 թվականից բացվել է Հայաստանի հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիան, որն էլ անցել է երկրում բժշկության տվյալ ոլորտը զարգացնելու գործընթացին:
Պալիատիվ օգնությունը անհրաժեշտ է անբուժելի հիվնանդությամբ տառապող անձանց` կյանքի վերջին փուլում, երբ նրանք ունեն ցավազրկման, սիմպտոմատիկ բուժման կամ հոգե-սոցիալական խնդիրներ: Պալիատիվ օգնությունը հնարավորինս բարձրացնում է պացիենտների կյանքի որակը:
Մատուցվող ծառայության մեջ մտնում է հակացավային թերապիան, սիմպտոմատիկ բուժումը ու հոգեսոցիալ օգնությունը, որը վերաբերվում է ե՛ւ հիվանդներին, ե՛ւ նրանց ընտանիքի անդամներին:
Ըստ 2010 թ-ին անցկացված հետազոտության ՀՀ-ում պալիատիվ օգնության կարիք են ունեցել 3200-3600 հիվանդ.
« 2010 թվականին մենք իրականացրեցինք կարիքների գնահատում համաշխարհային պալիատիվ օգնության ալյանսի գործադիր տնօրենի Սթիվեն Քոնորի հետ, որի արդյունքում պարզ դարձավ, թե Հայաստանում որքան մարդ պալիատիվ օգնության կարիք ունի: Պարզվեց, որ 3200-3600 մարդ ամոգիչ օգնության կարիք ունեն: Նշված թվաքանակի մեջ, ինչ խոսք, միայն ուռուցքային հիվանդները չեն»,-ասաց նա՝ հավելելով, որ ուռուցքային հիվանդների թիվը կազմում էր ընդամենը 35%-40%:
«Մյուս 60% -ն առողջական այլ խնդիրներով տառապող մարդիկ են, օրինակ շաքարային դիաբետով հիվանդները, որոնց մոտ սկսվել են վերջույթների հետ կապված խնդիրներ՝ գանգրենա, դրանց մեջ են մտնում նաեւ նեվրոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդները՝ ողնաշարի կոտրվածքով մարդիկ, ովքեր տարիներով գամված են մահճակալին եւ ադեկվատ ցավազրկման հարցը բավական սուր է դրված: Դրանց մեջ են մտնում նաեւ խրոնիկական հիվանդություն ունեցողները, որոնք ռադիկալ բուժման այլեւս չեն ենթարկվում, այս ցանկը կարելի է շարունակել»,- ասաց Հ. Կարապետյանն ընդգծելով, որ օրենսդրական ճիշտ փոփոխությունները կբխեն պացիենտների շահերից, որոնց թիվն այսօր Հայաստանում քիչ չէ, հիվանդությունների ցանկը հարկավոր է ընդլայնել:
Շարունակությունը՝ հաջորդիվ: