«Կոմունիստների վախտ աշխատատեղ կար, 60 ռուբլի աշխատավարձ էինք ստանում». մաստարացի տատիկը՝ Ծառուկյանին
SocietyԻնչպես տեղեկացնում է Orer.am-ի թղթակիցը, այսօր՝ մարտի 16-ին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Շիրակի մարզի Մաստարա գյուղի բնակիչների հետ: Գագիկ Ծառուկյանը խոսեց տեղաբնակների առաջ ծառացած խնդիրների մասին, որից հետո մաստարացի մի տատիկ, դիմելով Գ. Ծառուկյանին, ասաց. «Կոմունիստների վախտ աշխատատեղ կար, աշխատում էինք, 60 ռուբլի աշխատավարձ էինք ստանում, քեզնից էլ լավ էինք ապրում»:
Լսելով մտահոգությունը՝ տատիկին ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ պետք է պայման ու հնարավորություն ստեղծվի, փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար հարկերից ազատում լինի, գործարաններ բացվեն:
Գագիկ Ծառուկյանի խոսքից հետո հանրության միջից մի պապիկ էլ կարծիք հայտնեց, որ երկրից արտագաղթած ժողովրդին հետ բերելու համար անհրաժեշտ է գործարաններ բացել: Հիշեցրեց՝ Մաստարայում ժամացույցի գործարան է եղել, որտեղ մարդիկ կարողացել են աշխատել ու ապրել հարազատ գյուղում: Գագիկ Ծառուկյանը կրկնեց՝ այդ խնդիրների լուծման համար պետք է ժողովուրդը իր վստահության քվեն տա այս դաշինքին, որն էլ, իրագործելով իր կողմից առաջարկած տնտեսական ծրագրերը, կկարողանա աշխատատեղերի խնդիրը լուծել: