Զգում էի՝ մի օր թուրքին հանդիպելու էի ու «մի քանի բան ասեի». մեկ տարի առաջ այս օրը Շուլի Հակոբյանը ոչնչացրեց հակառակորդի 3 տանկ
SocietyAysor.am-ը գրում է.
Երբ կողքիդ հերոսներ են ապրում, հպարտանում ես, առավել ամրանում ու հավատում՝ քո այսօրն ու վաղը պաշտպանված է: 2016 թվականի ապրիլյան պատերազմն՝ ապացույց՝ հայ զինվորը երբեք չի փախչում, տոկուն է, խիզախ. նա 19-20 տարեկան է, բայց կարող է գերազանցել 40-ի շեմը հատած հակառակորդին: Պատճառը ոչ միայն գենն է, այլ նաև նպատակը. մենք պաշտպանում ենք այն, ինչ մերն է:
Դեռ 21-ը չբոլորած Շուլի Հակոբյանին այսօր բոլորը գիտեն: Գյումրեցի հենց այս երիտասարդն է, որ ուղիղ մեկ տաի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 4-ին կես ժամվա ընթացքում թշնամու 3 տանկ խոցեց:
Մատաղիսում ծառայող երիտասարդը 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եղել է մարտկոցի հերթապահ: Լուսաբացին՝ ժամը 4։00-5։00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է զորքին տագնապով արթնացնելու և տարհանելու հրաման, որից հետո էլ զորքը տեղափոխվել է թաքստոց: Այնուհետև ստորաբաժանումները ստանում են մարտական հրաման՝ տագնապով բարձրանալ մարտական դիրքեր։ Հակատանկային մարտկոցի կազմում Շուլին բարձրանում է Թալիշ գյուղ, որտեղ էլ տղաները հասկանում են՝ ադրբեջանական կողմն անցել է լայնածավալ հարձակման…
20-ամյա հերոսն այսօր Երևանում վարձով է բնակվում, սովորում է Երևանի պետական համալսարանում, զուգահեռ, ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկով՝ աշխատում է Պաշտպանության նախարարությունում:
«Ոչինչ չունիմ ասելու՝ կալենդարով մի տարի է անցել, բայց զգացողություններս չեն փոխվել, բառերով չեմ կարող նկարագրել, մեջիցս դուրս հանել: 2016-ի ապրիլը բոլորիս, առավել ևս մեր (նկատի ունի պատերազմին մասնակցած տղաների՝ հեղ.) ներաշխարհում շատ բան է փոխել», - Aysor.am-ի հետ զրույցում դժվարությամբ նշեց նա:

Ի՞նչ է տալիս ու ի՞նչ տանում մեզանից պատերազմը, ի՞նչ դասեր ենք քաղում բոլոր ժամանակների այդ չարիքից ու ինչպե՞ս պետք է սփոփենք մեզ այդ ամենից հետո՝ դժվար է ասել: Մեկ բան ակնհայտ է. պատերազմի ժամանակ հերոսներ են ծնվում, որոնց մի մասը շարունակում են ֆիզիկապես մեր կողքին մնալ, մի մասն էլ՝ հերոսանալով գնալ:
«Եթե զուտ մարդկային արժեքներով նայենք, պատերազմը հեչ բան չի տա, միայն կտանի: Բայց դե դասեր էլ կուդա ոչ միայն սահմանին կանգնածներին, այլև սովորական քաղաքացիներին: Բոլորի մեջ էլ ինչ-որ մի բան փոխվել է: Կզարմանամ, եթե հայ մարդ տեսնիմ, ում մեջ այսքանից հետո ոչ մի բան չլինի փոխված: Ընդհանրապես, և՛ պարտված պատերազմն է դաս տալիս, և՛ հաղթանակած», - նկատեց ավագ սերժանտը:
Փոխվել են այսօր նրա երազանքները, այլ որակ ստացել նպատակներն ու արարքները: Ընտանիք կազմելու մասին մտածում է, բայց թե երբ՝ ժամանակը ցույց կտա: Գուցե, երբ այն միակը գա:
«Չկա այդ միակը, դեռ չեմ էլ հասկացել՝ էդ միակն ինչ կնշանակե: Ընտանիք կազմելու մասին մտածում եմ, ամուսնանալ պետք է: Դեռ չգիտեմ՝ քանի տարեկանում, բայց դե 100 տոկոս պետք է ամուսանանք: Պիտի ազգը շատանա՞, թե՞ չէ: Սաղին մենք ենք ասում այդ մասին, բայց դե մենք էլ պետք է գործանականորեն ցույց տանք, օրինակ լինենք», - կեսկատակ-կեսլուրջ անկեղծացավ մեր զրուցակիցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ