Թուրքիայում վիճակն ավելի կթեժանա. Մուշեղ Խուդավերդյան
InterviewԹուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը, Orer.am-ի հետ զրույցում խոսելով Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների ու ներկա իրավիճակի մասին, ասաց, որ թյուրքական ժողովուրդների հոգեբանության մեջ ընդունելի է միանձնյա առաջնորդի կերպարը. «Ընդհանրապես թյուրքական ժողովուրդների մենթալիտետի համաձայն՝ «այո» են քվեարկել թյուրքական գյուղերում ու ոչ այնքան առաջադեմ շրջաններում, նրանք քվեարկել են միանձնյա առաջնորդի կերպարի համար: Պետք չէ մոռանալ, որ դարեր շարունակ նրանք տեսել են հենց միանձնյա առաջնորդի»:
Ինչ վերաբերվում է կրթական ավելի բարձր ցենզ ունեցող էլեկտորատին, որն ապրում է Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և այն հատվածին, որը տիրապետում է խոշոր բիզնես կապիտալի, դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, ինչն էլ, ինչպես նշում է թուրքագետը, նշանակում է, որ առաջիկայում թուրք հասարակության պառակտվածությունն է՛լ ավելի կմեծանա, ու Էրդողանը նորանոր հակառակորդներ ձեռք կբերի:
Անդրադառնալով նաև Թուրքիայի վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը` Մ. Խուդավերդյանն ասաց, որ վերջին տարիներին այն պետությանը տարել է պառակտման:
«Այն ուժերը, որոնք դեմ են Էրդողանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը, բավական մեծ են ու ազդեցիկ, հետևաբար կարող եմ նշել, որ որքան էլ Էրդողանն ասի, թե պատրաստ է վերականգնել մահապատիժը կամ որ ինքն իր հակառակորդների դեմ կպայքարի այլ մեթոդներով` դրանից Թուրքիայում վիճակն ավելի կթեժանա»:
Սոսե Չանդոյան