Խորթ մոր սպանության մեջ մեղադրվող շիրակցի երիտասարդը մեղսունակ է ճանաչվել
SocietyՇիրակի մարզի Լուսաղբյուր համայնքում անցած տարվա սեպտեմբերին խորթ մորը սպանելու մեջ մեղադրվող 31-ամյա Հովհաննես Չեռնոմորյանը մեղսունակ է ճանաչվել: Այս մասին Orer.am-ին ասաց Չեռնոմորյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը:
31-ամյա տղամարդը նախաքննության եւ դատաքննության ընթացքում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Նշենք, որ նա դեռեւս դատարանում ցուցմունք չի տվել դեպքի վերաբերյալ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հովհաննեսը 2016թ. սեպտեմբերի 2-ին մինչև սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, շիզոֆրենիա, պարանոիդ ձև, ցնորազառանցանքային համախտանիշներով տառապող, 2-րդ խմբի հաշմանդամ խորթ մոր կողմից տնից դուրս գալու և հեռանալու ցանկություն հայտնելուց հետո, տան բակում, ապա նաեւ հյուրասենյակում ձեռքերով, ոտքերով, փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` սպանելով նրան:
Հովհաննեսը կալանավորված է: Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: