Թող չփորձեն Հայաստանի ձեռքերով շագանակներ հանել կրակից. քաղաքագետը՝ Լավրովի հայտարարության մասին
InterviewՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ տված հարցազրույցում խոստացել է ավարտին հասցնել «Իսլամական պետության» դեմ պայքարը՝ չնայած այն բանին, որ ահաբեկիչները չեն ցանկանում նահանջել: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մարտական պատրաստվածության մեջ են գտնվում: «Պատրաստ են նաև ռուսական ռազմաբազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում»,- նշել է նա:
Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Լավրովի հայտարարության մեջ կային բազմաթիվ մեսիջներ, որոնք իրենց հերթին բավական վտանգավոր են ՀՀ-ի համար:
«102 ռուսական ռազմաբազան, որը գտնվում է Հայաստանում, իրականացնում է Հայաստանի ու Ռուսաստանի անվտանգությունը: Ես պատկերացում չունեմ, թե ինչ կապ ունի ԻՊ-ը, որն ակտիվ գործում է Սիրիայի, Իրաքի ու Աֆրիկայի հյուսիսում, ինչպես նաեւ Աֆղանստանի հյուսիսային շրջաններում Հայաստանի հետ: Եթե ռուսական կողմը այդ ռազմաբազան փորձում է ներքաշել այսպես կոչված հակաահաբեկչական պատերազմի մեջ, այս պարագայում արդյո՞ք պարոն Լավրովը կարող է երաշխավորել, որ ԻՊ-ը Հայաստանի տարածքում՝ կոնկրետ Գյումրիում, ահաբեկչական գործողություններ չի իրականացնի: Այս հարցի պատասխանը հստակ է՝ իհարկե ոչ, քանի որ նույն Ռուսաստանը, որը ներքաշված է այդ ահաբեկչության դեմ պատերազմին, անընդհատ բախվում է ԻՊ-ի գործունեության հետ հենց իր երկրի տարածքում: Մենք տեսնում ենք, որ Սիրիայում գրեթե ամեն օր ռուսները զոհեր են ունենում, իսկ ՌԴ-ում կազմակերպվում են ահաբեկչություններ»,- իր զարմանքն արտահայտեց Գ.Համբարյանը:
Քաղաքագետն անդրադարձավ նաեւ հայտարարության մեջ ՀԱՊԿ երկրներին վերաբերող մասին. «Մեր հարեւան Ադրբեջանը տարրական հարձակման է ենթարկում Տավուշի սահմանամերձ գյուղերը, ու այդ ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները ձկան նման լռում են: Փաստորեն Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը անհանգստացած են ԻՊ-ի գործողություններով, բայց, երբ Հայաստանն է ենթարկվում հարձակման, դա նորմա՞լ է: Փաստորեն փուչիկ ՀԱՊԿ-ի անունից մեզ ցանկանում են ներքաշել նման վտանգավոր խարդավանքների մե՞ջ: Եթե Տաջիկստանը խնդիրներ ունի ԻՊ-ի հետ, թող տվյալ պետությունում գտնվող ռազմաբազան համատեղ պայքարի ահաբեկչական կառույցի դեմ, իսկ եթե Ղրղզստանն ունի նման խնդիր, ապա թող նրանք էլ դիմեն նույն քայլին, բայց մենք այստեղ անելիք չունենք»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այո՛, ԻՊ-ը չափազանց վտանգավոր կառույց է ու դրա դեմ ճիշտ ձեւաչափով պայքարելը ողջունելի է:
Քաղաքագետը, ուսումնասիրելով ԻՊ-ի քարտեզը, չի ժխտում, որ ըստ նախագծվածի՝ Հայաստանը եւս իրենց խալիֆայության մասն է կազմում. «Սակայն մինչ օրս ՀՀ-ն որեւէ խնդր չի ունեցել այդ ահաբեկչական կազմակերպության հետ մեր տարածաշրջանում, այլ հարց է, թե Սիրիայում բնակվող հայերի նկատմամբ այդ կազմակերպությունն ինչ դիրքորոշում ունի»,-ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ ԻՊ-ի հովանավորներից մեկը մեզ հարեւան Թուրքիան է. «Մենք, ունենալով հպանցիկ սահման Վրաստանի հետ ու շահարկելով 102 ռազմաբազյի հարցը, մեծ վտանգի տակ ենք դնում մեզ: Ո՞վ է ասել, որ Վրաստանի սահմաններին բնակվող ադրբեջանցիները կամ չեչենները արտակարգ դրության ժամանակ չեն ներթափանցի մեր երկիր: Ահաբեկիչներին մեր երկիր կարող է անցկացնել նաեւ Թուրքիան: Այնպես որ լավ կլինի, որ Ռուսաստանը չփորձի մեր ձեռքերով շագանակ հանել կրակի միջից»,-ասաց քաղաքագետը:
Սոսե Չանդոյան