Իրական «Մշակութային շոկ» Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում
CultureԱյսօր Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանում անցկացվեց «Մշակութային շոկ» խորագրով միջոցառում: Միջոցառումը, որի հիմնական շեշտը դրված էր լեզվաբանական ու մշակութային պատնեշների ու դրանց հաղթահարման վրա, կազմակերպվել էր Լեզվի տեսության եւ միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի կողմից, որի տնօրեն Արմինե Սիմոնյանը, Orer.am-ի հետ զրույցում կարեւորելով նմանօրինակ միջոցառումների կազմակերպումները, ընդգծեց. «Շատ կարեւոր է հասկանալ, թե մարդ ինչպես պետք է դրսեւորի իրեն՝ հայտնվելով տարբեր միջավայրերում: Այս միջոցառումը հնարավորություն ընձեռնեց ուսանողներին ընկղմվել լեզվական ու մշակութային իրականության մեջ: Մշակույթը հարկավոր է տարալուծել լեզվաբանության մեջ, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի ճիշտ ընկալել տվյալ ազգի ներկայացուցիչներին, նրանց ապրելակերպն ու ավանդույթները: Լեզուն ու մշակույթն այնքան սերտ են իրար հետ կապված, որ պարզապես հնարավոր չէ դրանք իրարից անջատ պատկերացնել»,-ասաց նա՝ հավելելով, որ նմանօրինակ միջոցառումները եղել ու ունենալու են շարունակական բնույթ:
Նշենք, որ միջոցառման ժամանակ Սլավոնական համալսարանի ուսանողները բավական պատկերավոր ներկայացրեցին իրական կյանքից տարբեր իրավիճակներ, որոնցում սովորաբար հայտնվում են օրինակ Անգլիայից Ֆրանսիա ժամանած անձինք, կամ հակառակը: Հնչեցին նաեւ տվյալ երկրների մշակույթն առանձնացնող բանաստեղծություններ եւ երգեր: