«Վրաստանի՝ Ադրբեջանին մատուցած ծառայությունը վատ նախադեպ է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի համար». Շիրակ Թորոսյան
InterviewԱդրբեջանական իշխանության հետապնդումներից Վրաստանի Հանրապետությունում ապասատան գտած, սակայն տվյալ պետությունից առևանգված և այժմ սեփական հայրենիքում կալանքի տակ գտնվող ընդդիմադիր լրագրող և իրավապաշտպան Աֆղան Մուխթարլըի օրերն այլևս գորշ գույների մեջ են լինելու: Չորրորդ իշխանության ներկայացուցչի նկատմամբ նմանօրինակ վերաբերմունքն ու նրա իրավունքների ոտնահարումը մեծ բում առաջացրեց առաջադեմ երկրներում:
Թեմայի շուրջ Orer.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ, ով կարծում է, որ տվյալ խնդիրը հարկավոր է դիտարկել փոքր ինչ այլ հարթությունից. «Տեղի ունեցածը պետք է դիտարկել քաղաքականության տեսանկյունից, այլ ոչ թե ասել, որ Վրաստանում երաշխավորված չեն լրագրողների և այլ անձնաց իրավունքները: Սա Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքն է, որն ամբողջովին փողի ու զոռի քաղաքականություն է»:
Ըստ Շ. Թորոսյանի՝ Ադրբեջանը, մեծ ներդրումներ անելով Վրաստանի տնտեսական դաշտում, ավելի կոնկրետ էներգակիրների ոլորտում ձեռք բերելով մենաշնորհներ, տվյալ ռեսուրսը վերածում է քաղաքական պոտենցիալի, որն էլ օգտագործում է ըստ քմահաճույքի: «Լրագրողի առևանգումը, սահմանից ապօրինի անցկացումը և Բաքվում կալանավորումն ավելի խորքային է: Հիշենք, որ երբ Լապշինին Բելառուսիայից տարան Ադրբեջան, համապատասխան գնահատական չհնչեցվեց, և սա ավելի լկտիացրեց Ադրբեջանին: Եթե Վրաստանի այս դեպքը ևս ճիշտ չմեկնաբանվի ու համապատասխան վերաբերմունք չցուցաբերվի, ապա կարող եմ վստահաբար ասել, որ Ադրբեջանն իր համար անցանկալի բազմաթիվ այլ մարդկանց տարբեր երկրներից կարող է բերման ենթարկել:
Մենք չենք մոռանում նաև Սաֆարովի դեպքը, երբ նրանք, միլիարդների ներդրումներ անելով կամ վարկեր տրամադրելով Հունգարիային, կարողացան հասնել Սաֆարովի արտահանձմանը և, վերջին հաշվով, տանել ու հերոսացնել Ադրբեջանում: Սա շղթա է ՝ Սաֆարով-Լապշին- Մուխթարլ, որը շարունակական է լինելու, եթե միջազգային հանրությունն ըստ արժանավույն չգնահատի վիճակը»,-նկատեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահը:
Պատգամավորի համոզմամբ՝ միայն միջազգային հանրության համապատասխան արձագանքը կարող է զսպաշապիկ հանդիսանալ ադրբեջանական իշխանությանը հետագայում նման գործելաոճից ձեռնպահ մնալու համար. «Այսօրվա դրությամբ խոսքը Վրաստանի հեղինակության մասին է, եթե հնչի համարժեք քննադատություն, ապա կարծում եմ, որ այլ երկրները, ելնելով իրենց երկրի հեղինակության անկման հեռանկարից, հավանաբար չեն դիմի նման քայլի»,-ասաց Շիրակ Թորոսյանը՝ հավելելով, որ եվրոկառույցների ու դեսպանատների կողմից մինչ օրս հնչեցված քննադատություններն ու մեղավորներին բացահայտելու ու պատժելու մասին պահանջները բավական կոշտ են եղել:
«Ճիշտ է, վրացական իշխանությունները խոսատցել են ուսումնասիրել ու բացահայտել իրողությունը, սակայն ամեն ինչ պարզից էլ պարզ է՝ ադրբեջանական փողի ճնշման տակ վրացական ծառայությունները նման քայլի են գնացել, որը վատ նախադեպ է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի համար»:
Հիշեցնենք, որ Աֆղան Մուխթարլիի կինը` Լեյլա Մուստաֆաևան, ամուսնու առևանգումից հետո կտրականապես մերժել է պաշտոնական Թբիլիսիի` Վրաստանի քաղաքացիություն ստանալու առաջարկը:
Սոսե Չանդոյան