Ինչ դրական տեղաշարժեր կնկատվեն Արփինե Հովհաննիսյանի ԵԽԽՎ փոխնախագահ դառնալուց հետո
InterviewՔիչ առաջ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ընտրվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ: Թե ինչ դրական տեղաշարժեր այսուհետ կնկատվեն ԵԽԽՎ-ում, Orer.am-ը պարզեց քաղաքագետ Գագիկ Համբարյանից:
«Նախ պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ, որ Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ: Նա իր լեզվաիմացությամբ ու ակտիվությամբ հայկական պատվիրակության ավելի լավ նախագահ կլինի, քան նախկինը, ով, եթե չեմ սխալվում, հայերենից ու ռուսերենից բացի այլ լեզուների չէր տիրապետում: Լեզվի չիմացությունը շատ մեծ խնդիր էր մեր ամբողջ պատվիրակության համար, չնայած այն հանգամանքի, որ նախկին հանձնաժողովի բոլոր անդամները տիրապետում էին օտար լեզուների: Ինչ վերաբերում է Արփինե Հովհաննիսյանի ազդեցությանը որպես փոխնախագահ, ապա չեմ կարող վստահեցնել, որ եթե մեր պատվիրակությունը պասիվ գտնվի, ապա մեծ հաջողություններ կունենանք»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ, եթե թիմը պետք է աշխատի այնպես, ինչպես նախկինում է աշխատել, ապա դա ոչ մի լավ բանի մասին չի խոսում:
«Նախկին հանձնաժողովում աշխատում էին երկու երեք հոգի, պասիվ էր նաեւ պատվիրակության ղեկավարը, որի դերն անչափ կարեւոր է: Մենք չպետք է լինենք պաշտպանվողի դերում, քանի որ պաշտպանվել դիվանագիտության մեջ նշանակում է կիսով չափ պարտվել: Մենք պետք է նախաձեռնող լինենք: Հարկավոր է հասկանալ, որ մենք չպետք է Ուոլթերների ու Մարկովչների զեկույցներին պատասխանող լինենք»,- ընդգծեց Գագիկ Համբարյանը՝ հավելելով, որ հայկական պատվիրակությունը պետք է Ադրբեջանին վերաբերող հարցեր բարձրացն: Թող այսուհետ Ադրբեջանը պաշտպանվի:
«Մենք պետք է վերջ դնենք այն լռակյաց դիվանագիտությանը, որ շատ դեպքերում մեծ կիրառում ուներ նախկին պատվիրակության կողմից: Պարզապես խայտառակություն էր, երբ Ադրբեջանի նախագահը ԵԽԽՎ-ում էր, իսկ հայկական պատվիրակության ոչ մի անդամ հարց չէր տալիս: Շատ հետաքրքիր է, թե ինչու հարցեր չէին հնչեցվում: Ի հեճուկս այս պահվածքի՝ Ադրբեջանի պատվիրակության անդամները պարզապես հարցախեղդ են անում մեր երկրի ներկայացուցիչներին, թեկուզ եւ նախագահին»:
Սոսե Չանդոյան