Իմպլանտների միջոցով կրծքագեղձի մեծացումը ոչ մի ձեւով չի խթանում քաղցկեղի առաջացմանը. պլաստիկ վիրաբույժ
Interview«Կրծքերի մեծացումը պայմանավորված է ավելի գեղեցիկ ու կանացի երեւալու ցանկությունով»,- Orer.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանը:
«Տղամարդկանց համար կարեւոր է ձայնի տեմբռը, սափրվելը. իրենք դրանով են առանձնանում: Ինչ վերաբերում է կանանց, ապա կնշեմ, որ տարածված այն տեսակետը, թե կանայք դիմում են տվյալ վիրահատական միջամտությանը կոմպլեքսներից ելնելով՝ սուտ է, նրանք պարզապես ցանկանում են կանացի երեւալ»:
Խոսելով նորարական մեթոդներից՝ մասնագետը նշեց. «Այսօր արդեն ավելի արդյունավետ ու անվտանգ մեթոդներ են ներդրվում: Հայաստանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով՝ դա լինի ռեդուկցիոն մամոպլաստիկան, իմպլանտները, թե էսպանդերները: Նշեմ, որ այսօր բավական մեծ տեմպերով զարգացում են ապրում ուռուցքներից հետո կրծքագեղձի վերականգման մեթոդները»:
Ինչ վերաբերում է կրծքագեղձերի վիրահատությունից հետո չարորակ գոյացությունների առաջացմանը, բժիշկը, հերքելով տարածված տեսակետը, նշեց. «Նման բան պարզապես չկա: Իմպլանտների միջոցով կրծքագեղձի մեծացումը ոչ մի ձեւով չի խթանում քաղցկեղի առաջցմանը, դա պարզապես միֆ է: Բացի իմպլանտներից կա նաեւ սեփական ճարպով կրծքերի մեծացում, որը դեռ զարգացող ոլորտ է: Այս ձեւով վիրահատություն իրականացնելու փորձեր Հայաստանում, իհարկե, արվում են, սակայն այն դեռ երիտասարդ մեթոդ է, որի մասին կարծիք դեռեւս չեմ շտապի հայտնել»:
Սոսե Չանդոյան