«Ադրբեջանական բանտերում հիմնականում կիառում են ֆալական խոշտանգման տեսակը». Արա Ղազարյան
InterviewԲաքվի ծանր հանցագործությունների դատարանը հայտնի բլոգեր, Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին դատապարտեց 3 տարվա ազատազրկման՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են պետության շահերի դեմ ուղղված կոչերի ու պետական սահմաններն ապօրինի հատելու համար, ինչի համար նրան սպառնում է ազատազրկում մինչեւ 8 տարի:
Թեմայի շուրջ Orer.am-ը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանի հետ. «Լապշինի դեմ քրեական հետապնդումը սկսեց նրանից, որ բլոգերը կողմ արտահայտվեց Արցախի անկախության հարցի վերաբերյալ: Մենք գիտենք, որ, օրինակ, Թուրքիայի քրեական օրնեսգրքում կա 301 հոդվածը, որով հետապնդում է սկսվել Հրանտ Դինքի, բազմաթիվ պատմաբանների ու գիտնականների նկատմամբ, ովքեր պետության կողմից ներկայացված տեսակետը կասկածի տակ են դրել՝ կապված հայերի, քրդերի ու նրանց պատմության հետ: Կարող ենք ասել, որ Ադրբեջանը կրկնօրինակում է մեծ եղբորը: Նկատենք, որ Լապշինը անօրինական ձեւով երկիր մուտք չի գործել, եթե նման հանգամանք է եղել, ապա ոչ թե իր դիտավորությամբ, այլ սահմանապահների բացթողմամբ է եղել: Մարդը չի կատարել հանցագործություն: Այս ամենի ենթատեքստը բոլորը գիտեն. նա հայտնի բլոգեր է ու նրա ասածին հետեւում էին 100 հազարավոր մարդիկ ու նրա ցանկացած դրական խոսքը Արցախի վերաբերյալ կարող էր նպաստել Արցախի Հանրապետության անկախացմանը: Այդ է պատճառը, որ որոշվել է կանխել հետագա զարգացումների գործընթացը»,-ասաց Ա. Ղազարյանը:
Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ Ադրբեջանի այս քայլը կարող է «սառեցնող ազդեցություն» ունենալ լրատվամիջոցների ազատության կոնտեքստում. «Երբ դատապարտում են մեկ լրագրողի, ապա, այսպես թե այնպես, այդ ամենն ազդելու է մյուսների խոսքի ազատության վրա, այսինքն դրանից հետո շատերը վերանայելու են իրենց կողմից տրամադրվող կամ հրապարակվող տեղեկտվության ծավալները եւ բնույթը»:
Հարցին՝ արդյո՞ք Լապշինի դատը ազդեց տեղեկատվության ազատության վրա, մասնագետը պատասխանեց հստակ՝ ոչ. «Միգուցե դա սեւ փիառ էր: Կարծում եմ, որ այս ամենն ավելի շարժեց մարդկանց հետաքրքրասիրությունը Արցախի հարցի նկատմամբ: Սովորական մարդը կմտածի հետեւյալ կերպ, եթե գովաբանում են մի պետություն, որտեղ լավ հասարակություն է, ընդունված ու սիրված կառավարություն է, գուցե արդեն ժամանակն է ճանաչել տվյալ երկրի անկախութունը: Վստահ եմ, որ հազարավոր մարդիկ Ղարաբաղի անունն անգամ չէին լսել մինչև Լապշինի գործը»:
Խոսելով Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակի ու դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքի մասին՝ Արա Ղազարյանն ասաց. «Այն գործը, որը ես եմ վարում Եվրոպական դատարանում, Սարիբեկյանի գործն է: Սարիբեկյանը մահացել է կալանքի տակ գտնվելիս: Ինչ վերաբերում է ադրբեջանական բանտերում խոշտանգումների ենթարկման դեպքերին, իհարկե, չեմ ուզում ինձ վրա վերցնել մասնագետի դեր, սակայն կարող եմ ասել, որ դրա վերաբերյալ միջազգային մարմինների զեկույցներում անդրադարձներ կան: Նրանք հիմնականում կիառում են ֆալական խոշտանգման տեսակը՝ մարդուն պառկեցնում են մեջքի վրա ու հարվածներ են հասցնում ոտքի տակի հատվածին, որը սաստիկ ցավ է պատճառում: Նման դեպք քննարկվեց Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի գործում, այդ մոտեցումը Եվրոպական դատարանը համարեց խոշտանգում, որովհետեւ այն համատարած կերպով կիրառվող խոշտանգում էր: Այս պահին Եվրոպական դատարանում գտնվում են Խոջոյանի, Բադալյանի, Սարիբեկյանի գործերը, տեսնենք, թե այս գործերով ինչ վճիռ կկայացնի ՄԻԵԴ-ը, որից հետո կխոսենք կոնկրետ հայերի նկատմամբ տվյալ պետության բանտերում կիրառվող միջոցների ու վերաբերմունքի մասին:
Սոսե Չանդոյան