«Քաղաքական դաշտում տիրող հանդարտությունը հասարակության ապատիկ վիճակի պարզ վկայությունն է». Ա. Մարտիրոսյան
Interview«Քաղաքական դաշտում տիրող հանդարտությունը հասարակության ապատիկ վիճակի պարզ վկայությունն է»,- Orer.news-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Իշխանությունների հետ կապված հասարակությունը որեւէ սպասելիք չունի, իսկ ընդդիմութունը այս պահին անկազմակերպ վիճակում է, բայց դա չի նշանակում, որ երկրում լուծվել են բոլոր խնդիրները, հակառակը՝ եղել են խորհրդարանական ընտրություններ եւ քաղաքական առումով լարվածութունը պետք է թուլացվեր, սակայն եղավ ապաքաղաքական ընտրություն: Ձեւավորվեց մի խորհրդարան, որը չունի քաղաքական օրակարգ»:
Ըստ Մարտիրոսյանի` թեեւ հասարակությունը գտնվում է ապատիկ վիճակում, այնուամենայնիվ, արտագաղթողների թիվը դրանից չի կրճատվել, հակառակը` դեռ մի բան էլ աճ է գրանցվել. «Մարդիկ գնում են երկրից սեփական խնդիրները ինչ որ ձեւով լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Չենք կարող չնկատել, որ արտագաղթը իշխանությունների դեմ բողոքի քայլ է: Երբ քաղաքցին չի կարողանում փոփոխություն իրականացնել, ապա իր բողոքն այդ կերպ է արտահայտում: Իհարկե, դա բողոքի արտահայտման լավագույն ձեւը չէ, քանի որ մենք ունենք անվտանգության խնդիր, տեսնում ենք, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում տարածաշրջանում:Պետք է հասկանալ, որ երբ քաղաքացին հեռանում է պետությունից առաջ է գալիս երկրի անվտանգության հարցը, քանի որ պետությունից բացի տվյալ մարդիկ հեռանում են նաեւ հասարակությունից»:
Թե որքան երկար կտեւի հասարակության ապատիկ վիճակը քաղաքական ուժերի եւ դրանց գործունեության նկատմամբ, «Ժառանգության» փոխնախագահը դժվարացավ պատասխանել. «Որքան երկար կտեւի չեմ կարող ասել, սակայն այն, որ քաղաքացին կարող է ամբողջությամբ հեռանալ քաղաքական պրոցեսներից չի բացառվում»: