Սեպտեմբերի 22-ին Մոկսվա-Երևան չվերթով Հայաստան ժամանած ազգությամբ հայ քաղաքացին, ով մեկ շաբաթով վերադարձել էր հայրենիք, Մոսկվայի կամ Երևանի օդանավակայում կորցրել էր 63 000 ռուբլի, -այս մասին հայտնում էORER.am-ը՝ տեղեկանալով ՀՀ ոստիկանությունից: Քաղաքացին ստույգ չի իմացել, թե երբ և որտեղ է կորցրել գումարը և այդպես էլ առանց հայտարարություն տալու սեպտեմբերի 29-ին վերադարձել է Մոսկվա: Սակայն, նույն օրը Աթենք-Երևան չվերթի ուղևորներից մեկը «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից գտել էր նշված գումարը. «Աթենքից Երևան վերադառնալիս օդանավակայանի մաքսային գոտում գտել եմ 63000 ռուբլի և փոխանցել օդանավակայանի կորած իրերի բաժին»,-պատմել է գումարը գտած քաղաքացին: Մինչ գումարն ինչ-որ մեկին վերադարձնելը անհրաժեշտ էր պարզել, թե ով է այն կորցրել: «Զվարթնոց» օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժինը 63 000 ռուբլին համապատասխան ակտով հանձնել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Ոստիկանները զրուցել են օդանավակայանի աշխատակիցների հետ, ուսումնասիրել ժամանման սրահում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսագրության մեջ երևացել է, թե ինչպես մի քաղաքացի գրպանից փողը գցում է, իսկ քիչ անց՝ մեկ ուրիշը վերցնում է այն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նշված գումարը պատկանում է Ռուսաստանի քաղաքացի Սամվել Հակոբջանյանին, բայց քանի որ նա Հայաստանի Հանրապետությունում չի գտնվել գումարը հանձնվել է նրա հարազատներին: Սամվել Հակոբջանյանը` կապ հաստատելով տեղի ոստիկանության հետ ասել է. «Ես չէի պատկերացնում, որ այդ կորցրած փողը մեկ ամիս անց կհայտնվի և ինձ կհանձնվի: Ինձ որ զանգեցին ոստիկանությունից, ես նույնիսկ չէի հավատում: Ում պատմում եմ չեն հավատում»: