Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը
SocietyՀայ առաքելական սուրբ եկեղեցին սեպտեմբերի 13-ին տոնում է վերջին՝ 5-րդ տաղավար տոնը՝ Սուրբ Խաչը կամ Խաչվերացը: Այն Խաչին նվիրված տոների մեջ ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին:
Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17 ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը, իսկ տոնի հաջորդ օրը մեռելոց է:
Լրագրողների հետ հանդիպմանը Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն
«Խաչվերացը» քրիստոնյա աշխարհի տոն է: 310 թվականին Պարսկաստանի Խոսրով թագավորը բնաջնջել էր Երուսաղեմի բնակչության մեծամասնությանը և իր հետ տարել նաև Քրիստոսի խաչափայտը: Գիտակցելով բարոյական այդ վնասը՝ Հերակլ կայսրն Աստծուց օրհնություն է հայցել՝ վերադարձնելու խաչը: 628-ին Պարսկաստանի դեմ վերսկսել է պատերազմական գործողությունները հայկական զորքերի հետ և հաղթել:
Խաչը մի որոշ ժամանակ հաստատվել է Կարին քաղաքում: Այդ տարածքում աղբյուր է բխել, շուրջը ռեհան աճել, եղել են բազում բժշկություններ: Սեպտեմբերի 14-ին խաչափայտը վերադարձրել են Գողգոթա:
Այս կարևորագույն իրադարձությունը քրիստոնյա աշխարհը հաստատեց որպես տաղավար տոն: Եվ հայ եկեղեցին սեպտեմբերի 14-ի մոտակա օրը տոնում է այդ իրադարձությունը»,-տոնի նշանակությունը բացատրեց Զգոն քահանա Աբրահամայնն ու հավելեց՝ այս տարի այն կտոնվի սեպտեմբերի 17-ին:
Նրա խոսքով՝ պատմությունը որևէ անմիջական առնչություն չունի ննջեցյալների հետ: Պարզապես ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրը՝ հաստատված է մեռելոցի օր: Տոնական օրը գերեզման այցելելը չի կարելի արդարացնել նրանով, որ նախնիներն այդպես են վարվել:
«Տոնին նախորդող հինգօրյա պահք է սահմանված: Եվ այդ պահոց օրերն ունեն իրենց կարևորագույն նշանակությունը: Պահք են պահել հացով և խաղողով կամ այլ մրգերով:
Տոնական օրը ուխտագնացություն են կազմակերպել եկեղեցիներ, վանքեր: Նաև այդ օրը խորովել են ուլ և բաժանել աղքատներին իրենց հանգուցյալների հոգու հանգստության համար: Գաղափարն է կարիքավորներին կերակուր տալը:
Հայաստանի տարբեր տարածաշրջաններում տարբեր կերպ են տոնել, ավանդույթները ևս տարբեր են եղել: Տարածված են նաև «Սրբխեչ» և «Ուլնոց» անվանումները»,-ասաց հոգևոր հովիվը:
Նա խորհուրդ տվեց նաև վերականգնել ուխտագնացությունները և բարեգործական հյուրասիրությունները, որ եղել են նախկինում: Ցանկալի է նաև պահք պահել տոնին նախորդող օրերին՝ գիտակցելով բարի գործեր կատարելու՝ տոնի գաղափարը:
Տոնին առավոտյան ժամը 11:00-ին պատարագ է մատուցվում, իսկ երեկոյան ժամերգությանը կից օրհնվում է ռեհանը: Երեկոյան ժամը 17:00-ին սկսում է ժամերգությունը, և օրհնված ռեհանը մարդիկ տանում են տուն՝ հիշատակելով խաչափայտի վերադարձը: Մեռելոցի օրը ևս մատուցվում է պատարագ:
610թ. պարսից Խոսրով արքան մեծաքանակ զորքով հարձակվում է Բյուզանդական կայսրության վրա: Սկզբնական հաջողություներից ոգևորված՝ պարսկական զորքերը 614թ. մտնում են Երուսաղեմ: Շատերը սրի են քաշվում կամ էլ գերեվարվում: Վերջինների մեջ էր նաև Երուսաղեմի Զաքարիա հայրապետը: Բայց պարսիկներն այսքանով չեն բավարարվում. մտնում են Ս. Հարության տաճար և գերի վերցնում այնտեղ պահվող Աստվածընկալ Ս. Խաչը, որը Դ դարի սկզբին Կոստանդիանոս կայսեր մոր Հեղինեի ձեռքով գտնվել և պաշտամունքի առարկա էր դարձել բոլոր քրիստոնյաների համար:
628թ. բյուզանդական զորքերը Հերակլ կայսեր գլխավորությամբ խաչափայտը վերադարձնելու համար մարտի են դուրս գալիս պարսիկների դեմ: Վերջիններիս օժանդակում էր նաև հայկական զորախումբը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Տիրոջ օգնոթյամբ բյուզանդացիները հաղթանակ են տանում: Ս. Խաչը հանդիսավոր թափորով տեղափոխվում է հայոց Կարին քաղաքը: Իսկ Կարինից այն տեղափոխում են Կ. Պոլիս, ապա Երուսաղեմ: Գերեդարձի ճանապարհին Տիրոջ խաչափայտը բարձրացվում էր և ցնծության առիթ լինում ժողովրդի համար:
Խաչը քրիստոնյաների համար Աստծո զորությունն է ու պարծանքների պարծանքը, որի վրա իր անմեղ արյունը թափեց Քրիստոս՝ տալով մեզ հաղթության զենքը՝ ընդդեմ սատանայի ու նրա խաբկանքների: Հիսուս խաչի վրա ցույց տվեց իր անհուն սերը մարդկության հանդեպ, և խաչը դարձավ մեզ համար հույսի, սիրո և փրկության առհավատչյան: