Իշխանության ծպտյալ կարդինալը
AnalysisՀայաստանում մի մարդ կա, որը կանգնած է գրեթե բոլոր խնդրահարույց օրենքների հետևում: Նա է մշակում և շրջանառության մեջ դնում իշխանությանը ձեռնտու օրենքները: Նա է կարողանում առաջին պլան մղել երկրորդական հարցերը, իսկ առաջնային կարևորության հարցերը՝ օրենքներով հաստատված անցկացնել: Նա է կանգնած այն Ընտրական օրենսգրքի ակունքներում, որով ապահովում է Սերժ Սարգսյանի լիակատար իշխանությունը: Այդպիսի մարդկանց անվանում են իշխանության ուղեղներ: Այդ մարդը մեզանում Դավիթ Հարությունյանն է:
Նա խոսում է բավականին կիրթ, զուսպ է, սկանդալային պատմությունների մեջ չի ընկնում: Հայաստանյան իրադարձություններին անծանոթ մեկը, ով կլսի Դավիթ Հարությունյանի խոսքը, բնական ցանկություն կունենա անմիջապես անդամակցել ՀՀԿ-ին, այդ մարդու հետ շփվելու համար: Սակայն նորից կրկնենք՝ անծանոթ մեկը:
Եվ ահա, պարոն Հարությունյանը խոսեց Տեղեկատվության ազատության մասին օրենքի վերաբերյալ: Ավելի ճիշտ՝ նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ: Ինչպես գիտենք, շրջանառության մեջ է դրվել մի փաթեթ, համաձայն որի, նոր նախագծով, պետական տարբեր հիմնարկներ, պարզապես կարող են չտրամադրել ինֆորմացիա՝ ամենատարբեր բացատրություններով: Ժամանակ չունենք, ծավալը մեծ է, աշխատակիցները քիչ են, նպատակահարմար չենք համարում, չենք բացատրում և այլն:
Եթե Հայաստանում մի լավ բան կար, ապա դա Տեղեկատվության ազատության մասին օրենքն էր: Թերևս իշխանությունների ձեռնտու չեղավ այն հանգամանքը, որ նրանց կոռուպցիոն սկանդալների բազմաթիվ դրվագներ հայտնվում էին լրատվամիջոցներում, հենց այդ օրենքի շնորհիվ: Ինչպես հայտնի է, թալանչիների մեծ մասը սովորաբար անկիրթ է լինում: Իսկ լրագրողները, ունենալով անգամ մի քանի փաստական նյութեր, կարողանում են համեմատել դրանք ու տեսնել, որտեղ է թաքնված հերթական թալանը:
Ու ահա, պարոն Հարությունյանը չքմեղանում է պնդելով, որ իր գերատեսչությունը նման բան չի նախատեսում, սակայն հաջորդ իսկ մտքում հակասում է ինքն իրեն, ասելով, որ այո, աշխատանքներ տարվում են:
Մեզ մնում է միայն ավելացնել, որ եթե իշխանությունները գնացին այս հերթական ոտնձգությանը, ապա վերջին քայլը կանեն ազատ մամուլին խեղդելու ուղղությամբ:
Ատոմ Ոսկանյան, Orer.am / վերլուծաբան