2017թ-ին Նոր Նորքում շարունակվել են հանգստի գոտիների ստեղծման, բակերի, խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները. Ա. Ուլիխանյան
Society«Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ Orer.am-ը զրուցել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հետ:
- Պարոն Ուլիխանյան, ինչպես աշխատանքներ են իրականացվել 2017թ. վարչական շրջանում:
Երևանի ծննդյան տարեդարձը հայերիս համախմբող սպասված ու սիրելի տոներից է: Այն նաև լավագույն առիթ է` ամփոփելու, թե ինչ ձեռքբերումներ ու հաջողություններ ենք ունեցել անցնող տարվա ընթացքում:
Անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանում իրականացված աշխատանքներին` կցանկանայի հատկապես կարևորել, որ 2017թ-ին Նոր Նորքում շարունակվել է ինչպես նոր հանգստի գոտիների ստեղծման, բակերի, խաղահրապարակների բարեկարգման, այնպես էլ կոմունալ համակարգի արդիականացման, ուսումնական հաստատությունների մասնակի և ամբողությամբ հիմնանորոգման գործընթացը:
Շարունակվել է համագործակցությունը արտերկրի, ԼՂՀ և ՀՀ մարզերի` Նոր Նորքի գործընկեր շրջանների հետ: Արդյունավետ կապերի շնորհիվ կարողացել ենք իրականացնել փորձի փոխանակման և աջակցության մի շարք ծրագրեր:
Էրեբունի-Երևան 2799 տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հիմնովին բարեկարգվել է և Նոր Նորքի հիմնադիրներից Պավել Սաֆյանի անունով է կոչվել Նոր Նորքի Թոթովենցի և Նելսոն Ստեփանյան փողոցների միջանկյալ անցուղին:
Աշխատանքների գնահատականը, անշուշտ, կտա մեր բնակչությունը, իսկ մենք շարունակելու ենք առաջիկայում իրագործել մեր նախանշած ծրագրերը` միտված մեր բնակչության համար առավել բարեկեցիկ ու հարմարավետ միջավայրի ապահովմանը:
- Ինչ կմաղթեք մեր ընթերցողներին Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին ընդառաջ:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր մայրաքաղաքի ծննդյան 2799-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ, որ մեր հինավուրց քաղաքը շարունակի զարթոնք ապրել, իսկ մենք` նրա բնակիչները, շարունակենք հպարտորեն արձանագրել մեր սիրելի Երևանի նորօրյա հաջողություններն ու ձեռքբերումները: