Իսրայելում քրեական հետաքննություն են սկսել հայկական դիրքերի վրա անօդաչուներով հարձակման մեջ կասկածվող ընկերության դեմ
International newsԻսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարք արտադրող այն իսրայելական ընկերության դեմ, որի արտադրանքի միջոցով Ադրբեջանը 2017 թվականին ԱԹՍ փորձարկման ժամանակ փորձել էր ռմբակոծել հայկական դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է. «Aeronautics Defense Systems Ltd. ընկերության նկատմամբ հետաքննություն է ընթանում՝ հայտնի գնորդի հետ կատարված գործարքի շրջանակում»:
Հետաքննությունը վարում է Իսրայելի ոստիկանության Միջազգային հանցագործությունների հետաքննության միությունը, որը հայտնի է եբրայերենով Yahbal անունով: Գործընթաց սկսելու մասին տեղեկությունները հայտնի են դարձել նոյեմբերի 13-ին, երբ իսրայելական դատարանը թույլատրել էր հետաքննության անցկացումը՝ սահմանափակելով տեղեկատվության տրամադրումն այս ուղղությամբ: Ոստիկանությունը, մասնավորապես, հայտնել է, որ չի հստակեցնելու, թե ով է «հայտնի գնորդը»:
Aeronautics Defense Systems ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք պատրաստվում են լիակատար աջակցություն ցուցաբերել հետաքննությանը և «անել առավելագույնը, որպեսզի հետաքննությունը հնարավորինս արագ արդյունք տա»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտպանական արտահանման վերահսկման գործակալությունն օգոստոսին Aeronautics Defense Systems ընկերության համար կասեցրել էր Orbiter 1K տեսակի ԱԹՍ-ն «հայտնի գնորդին» արտահանելու արտոնագիրը:
Aeronautics-ի տվյալներով՝ ընկերությունը մտադիր էր «հայտնի գնորդի» հետ առաջիկա երկու տարում կնքել 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր: Այդ ժամանակ ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ ԱԹՍ վաճառելու ՊՆ կասեցումը վերաբերում է միայն «հայտնի գնորդին», իսկ մյուս օտարերկրյա գնորդների վրա այն չի տարածվում:
The Times of Israel-ը գրում է, որ թեպետ իսրայելական կողմը չի հայտնում գնորդի անունը, սակայն հայտարարություններից կարելի է ենթադրել, որ դա Ադրբեջանն է: Արտոնագրի կասեցումը եղավ այն դեպքից երկու շաբաթ անց, երբ նախարարություն բողոք էր ստացվել, որ Ադրբեջանի պահանջով ընկերությունն իր Orbiter 1K տեսակի ԱԹՍ-ն Լեռնային Ղարաբաղում կիրառել է հայկական ուժերի դեմ:
Հուլիսի 7-ի հարձակման ժամանակ վիրավորվել էր երկու հայ զինվոր:
ՊՆ ներկայացված բողոքի մասին առաջին տեղեկությունները հայտնվել էին Maariv պարբերականում: Համաձայն զեկույցի՝ ընկերությունը խումբ էր ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ ցուցադրելու ԱԹՍ-ն, որը կարող է բեռնվել 1-2 կիլոգրամանոց պայթուցիկով և ուղարկվել թշնամու թիրախին «ինքնասպանի» առաքելությամբ:
Համաձայն ներկայացված բողոքի՝ Orbiter 1K-ն Ադրբեջանի զինված ուժերին ցուցադրելու ժամանակ ընկերությանը խնդրել են հայկական ռազմական դիրքի վրա փորձարկում իրականացնել: Իսրայելի օրենքներով՝ նման փորձարկումը հակաօրինական է, իրական թիրախների վրա դրա փորձարկման համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն: «Այս պարագայում քիչ հավանական է, որ Aeronautics Defense Systems-ը ստանար նման թույլտվություն, քանի որ Իսրայելը Հայաստանին թշնամական պետություն չի համարում»,- գրում է իսրայելական The Times of Israel պարբերականը:
Maariv-ն այն ժամանակ հաղորդել էր, որ ԱԹՍ-ն շահագործող երկու իսրայելցիները հրաժարվել էին նման հարձակում իրականացնել՝ թեպետ սպառնալիքներ էին ստացել իրենց ղեկավարներից: Ավելի ուշ Բաքվում գտնվող Aeronautics Defense Systems-ի պատվիրակության երկու բարձրաստիճան պաշտոնյա փորձել էին կատարել Ադրբեջանի պահանջը, սակայն անհրաժեշտ փորձառության բացակայության պայմաններում չէին կարողացել ճիշտ խոցել թիրախները:
Իսրայելի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ իրենք քննում են դեպքը, սակայն այս հարցով ավելի բան չեն կարող ասել:
The Times of Israel-ը հիշեցրել է, որ 2016 թվականին Ադրբեջանը օգտագործել էր մեկ այլ արտադրության իսրայելական «ինքնասպան» ԱԹՍ՝ կիրառելով այն ավտոբուսի վրա հարձակման ժամանակ, ինչի հետևանքով սպանվել էր յոթ հայ: