Փաստաբանների պալատը հադես է եկել ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրինագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկով
SocietyՀայաստանի փաստաբանների պալատը հանդես է եկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց, որ եթե օրինագիծն ընդունվի, պետական մարմիններին լիազորություն է տրվելու ներխուժել ընտանիք: «Եթե մենք պետական կառույցներին տալիս ենք ընտանեկան հարաբերություններին միջամտելու հնարավորություն, ապա ռիսկ է հասունանում մարդկանց իրավունքները խախտելու տեսանկյունից»,-ասաց նա:
Ներկայացնելով առաջարկությունների փաթեթը՝ Զոհրաբյանն ասաց, որ երեխայի շահերի առաջնահերթության սկզբունքն առաջարկվում է փոխարինել երեխայի շահի սկզբունքով: «Մենք պետք է չմոռանանք, որ ունենք շատ հարեւաններ, եւ պատկերացրեք, որ սահմանամերձ բնակավայրում ապրող ընտանիքի երեխային առաջնահերթ շահերով ընտանիքից վերցնեն, որովհետեւ օրինակ, այդ բնակավայրը կարող է գնդակոծության ենթարկվել հակառակորդի կողմից»,-ասաց նա:
Զոհրաբյանի խոսքով` փոփոխություններ են ներկայացվել նաեւ բռնությունների նոր տեսակների սահմանումներում,մասնավորապես հոգեբանական բռնության ձեւակերպման մեջ օգտագործված հիմնավոր վախ տերմինն առաջարկվում է փոխարինել համոզմունք կամ կասկած տերմինով: «Վախն ինքնին իռացիոնալ տարր պարունակող հոգեվիճակ է, եւ այն դնել արարքի որակման հիմքում, նշանակում է կամայականության աստիճանի հասնող լիազորություն տալ իրավակիրառողին, ինչը կարող է բացասական հետեւանքներ առաջացնել»,-հավելեց նա:
Տնտեսական բռնության հետ կապված փոփոխություններին անդրադառնալով՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ իշխել տերմինը առաջարկվում է փոխարինել գոյության ստրկացուցիչ պայմաններ ստեղծել տերմինով: «Բռնությունների տեսակները ընտանեկան միջանձնային հարաբերություններում սխալ մեկնաբանելը եւ ծնողների դաստիարակչական գործառույթների հետ անհարկի նույնացնելը բացառելու համար եւս փոփոխություններ ենք առաջարկել»,-նշեց Արա Զոհրաբյանը:
Փաստաբանների պալատն առաջարկում է նաեւ սահմանել ամուսիններ հասկացությունը, նախագծի 6-րդ հոդվածով սահմանված «նախազգուշացում» պաշտպանության միջոցը հանել,անհետաձգելի միջամտության որոշումը կայացնելու լիազորությունն էլ ոստիկանությունից փոխանցել սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին: «Որպես անհետաձգելի միջամտության տեսակ` բռնություն գործադրած անձին վտարելու հնարավորությունը պետք է սահմանափակել,եթե ենթադրյալ բռնություն գործադրողը բնակարանի սեփականատերն է»,-նշեց Զոհրաբյանը:
Անդրադառնալով ապաստարանների խնդրին՝ փաստաբանների պալատն առաջարկում է նախագծով նախատեսված ապաստարանների հիմնադրումը չթույլատրել մասնավոր կազմակերպություններին:
Օրինագիծը լրամշակված ներկայացված է Ազգային ժողով եւ որպես անհետաձգելի հարց քննարկվելու է սեղմ ժամկետում: