Բանկի կառավարիչը ճիշտ պահեց իրեն. Վիգեն Մնոյանը` այսօրվա հարձակման ականատես
InterviewԻնչպես հայտնի է, այսօր զինված հարձակում է տեղի ունեցել HSBC բանկի Կոմիտաս մասնաճյուղի վրա: Անվտանգության աշխատակից Խաչատուր Գալստյանը տեղում մահացել է, իսկ անվտանգության մեկ այլ աշխատակից` Արամ Մկրտչյանը, ծանր վիճակում տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հարձակում կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:
Նրան վնասազերծելու ընթացքում վիրավորվել է ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, որի կյանքը բժիշկներին չհաջողվեց փրկել:
Լուսանկարիչ Վիգեն Մնոյանը սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ դեպքի պահին գտնվել է բանկում: ORER.am-ի հետ զրույցում Վիգենը նշեց, որ որևէ նոր տեղեկատվություն չի կարող ասել: Մեր զրուցակիցը չի ֆիքսել և չի հիշում, թե որքան է տևել գործողությունը:
«Միայն կարող եմ ասել, որ բանկի կառավարիչը շատ ճիշտ ու լավ իրեն պահեց: Նրա շնորհիվ է, որ շատ ավելի քիչ զոհեր եղան: Գուցե ավելի վատ լիներ»,- ասաց Վիգեն Մնոյանը: