Սիրիայում կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման հերթական «բեմականացումն» են պատրաստում․ ՌԴ ՊՆ
International news«Ջեբհաթ Ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի խաղաղ բնակչության դեմ սիրիական կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման պրովոկացիա է պատրաստում։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մի քանի անկախ աղբյուրների կողմից միաժամանակ հաստատված տեղեկությամբ՝ գործող «Հայաթ Թահրիր Աշ Շամ» ահաբեկչական խմբավորումը իրականացնում է Իդլիբ նահանգի խաղաղ բնակչության դեմ սիրիական կառավարական ուժերի կողմից «քիմիական զենքի» կիրառման հերթական պրովոկացիայի նախապատրաստություն»,-ասել է նա։
ՌԴ գերատեսչությունում հայտնել են, որ քիմիական հարձակման բեմականացման համար «Հայաթ Թահրիր Աշ Շամ»-ի զինյալները Իդլիբ նահանգ են հասցրել քլորի 8 տարա։
Ավելի վաղ ԱՄՆ-ն զգուշացրել էր Ռուսաստանին, որ Վաշինգթոնը պատրաստ կլինի կրկին ռազմական հարված հասցնել Սիրիային այն դեպքում, եթե Բաշար Ասադի կառավարությունը երկրում քիմիական զենք կիրառի։