Սիրիայում կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման հերթական «բեմականացումն» են պատրաստում․ ՌԴ ՊՆ
Միջազգային«Ջեբհաթ Ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի խաղաղ բնակչության դեմ սիրիական կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման պրովոկացիա է պատրաստում։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մի քանի անկախ աղբյուրների կողմից միաժամանակ հաստատված տեղեկությամբ՝ գործող «Հայաթ Թահրիր Աշ Շամ» ահաբեկչական խմբավորումը իրականացնում է Իդլիբ նահանգի խաղաղ բնակչության դեմ սիրիական կառավարական ուժերի կողմից «քիմիական զենքի» կիրառման հերթական պրովոկացիայի նախապատրաստություն»,-ասել է նա։
ՌԴ գերատեսչությունում հայտնել են, որ քիմիական հարձակման բեմականացման համար «Հայաթ Թահրիր Աշ Շամ»-ի զինյալները Իդլիբ նահանգ են հասցրել քլորի 8 տարա։
Ավելի վաղ ԱՄՆ-ն զգուշացրել էր Ռուսաստանին, որ Վաշինգթոնը պատրաստ կլինի կրկին ռազմական հարված հասցնել Սիրիային այն դեպքում, եթե Բաշար Ասադի կառավարությունը երկրում քիմիական զենք կիրառի։