Արդարադատության ոլորտում Հայաստան-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսությունը խորացնելու է երկու կողմերի համագործակցությունը
Society«ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ՀՀ-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսություն» խորագրով աշխատաժողովը նպաստելու է Հայաստանում դատական և իրավական ոլորտների խնդիրների վերհանմանը, ԵՄ-ից օժանդակությանը, համագործակցության խորացմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատաժողովը կայացավ սեպտեմբերի 27-ին՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ:
«Քննարկման նպատակն է վերհանել դատական և իրավական ոլորտների առջև ծառացած այն հիմնական և ելակետային խնդիրները, որոնք պահանջում են շուտափույթ լուծումներ: Վստահ եմ, որ այսօր մեկնարկող երկխոսությունը կնպաստի արդարադատության ոլորտում բարեփոխումների հետագա ռազմավարական պլանավորմանը, նաև ԵՄ օժանդակությանը՝ հիմնական ուղղությունների վերհանման հարցում: Դրանց հիման վրա կձևավորվի Հայաստան-ԵՄ առաջիկա օրակարգը՝ նվիրված Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը»,-ասաց նախարար Արտակ Զեյնալյանը:
Նախարարը շեշտեց՝ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր կառավարության առաջնահերթություններից է արդարադատության ապահովումը և դատական համակարգի հանդեպ հասարակության վստահության վերականգնումը: Այս համատեքստում կառավարությունը վճռականորեն նպատակաուղղված է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը:
Զելնալյանը ԵՄ աջակցությունն արդարադատության ոլորտում անգնահատելի համարեց: Նա հույս հայտնեց՝ երկխոսությունը կծառայի իր նպատակին՝ խորացնելով և ընդլայնելով արդարադատության ոլորտում Հայաստան-ԵՄ գործընկերային և ջերմ հարաբերությունները:
Դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահեցրեց՝ ԵՄ-ն շարունակաբար օժանդակելու է Հայաստանին՝ նպաստելու ոլորտում բարեփոխումների ռազմավարության նախագծի իրականացմանը: ԵՄ-ն նախկինում մեծապես սատարել է Հայաստանին լավագույն փորձի փոխանակումով: «Փորձագետների խմբի այցելության արդյունքում զգալի բաղադրիչներ առաջ քաշվեցին: Փորձագետների նկատած կարևոր կետերից մեկը դատական համակարգի արդյունավետությունն էր: Նախարարի հետ քննարկումների ընթացքում նկատել էինք, որ սա շատ մեծ մարտահրավեր է Հայաստանի համար: Կա նյութական բաղադրիչը: Չես կարող արդյունավետ դատական համակարգ ունենալ, եթե ունես դատավորների թվաքանակի պակաս, որոնք աշխատում են գերծանրաբեռնված պայմաններում»,-ասաց դեսպանն ու հավելեց՝ պատրաստ են քննարկել, թե ինչի կարիք ունի Հայաստանն այս ոլորտում, և օժանդակել:
Սվիտալսկին կարևորեց նաև, թե ինչպես են ընտրվում և նշանակվում դատավորները: Եվրոպական փորձը նկատել է նաև դատական համակարգի ներքին անկախությունը՝ դատավորների զգացողությունը, որ նրանք կարող են դատել լիովին անկախ՝ հիմնված իրենց խղճի վրա:
Խոսելով էլեկտրոնային դատական համակարգի մասին՝ դեսպանը նշեց, թե դա ԵՄ այցեքարտն է: Հիշեց՝ առաջինն էին, որ բոլոր արտաքին օժանդակության միջոցները ներդրեցին Հայաստանում: Եվ այսօր հպարտ են ասելու, որ էլեկտրոնային դատական համակարգն արդեն սկիզբ է առնում Հայաստանում: Սա դատական համակարգը դարձնում է ավելի արդյունավետ: