«Այս արխիվը ջախջախում է թուրքական իշխանությունների՝ ցեղասպանությունը հերքելու դասական ռազմավարությունը». Աքչամը` Գրիկերի արխիվի մասին
SocietyԹուրք հայտնի պատմաբան, ամերիկյան «Քլարք» համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը Ստամբուլում հրատարակվող «Ակօս» հայկական պարբերականին տված հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին Գրիգոր վարդապետ Կերկերյանի (Գրիկեր) նշանավոր արխիվի թվայնացման նախագծի մասին:
Հիշեցնենք, որ արխիվը Աքչամի ջանքերով օրերս հասանելի է դարձել առցանց տիրույթում:
Նշենք, որ Գրիկերն ուսումնասիրել և թարգմանել է ցեղասպանությանը վերաբերող թուրքական պաշտոնական բազմաթիվ փաստաթղթեր, ինչպես նաև ուսումնասիրել և հավաքել է Մեծ Եղեռնի վերաբերյալ թուրքական ու համաշխարհային մամուլի բազմաթիվ նյութեր, ականատեսների վկայություններ ու մեկնաբանություններ:
Ըստ Աքչամի՝ հույժ կարևոր այս արխիվն իր մեջ է ընդգրկում Օսմանյան իշխանությունների կողմից հայերի ցեղասպանության վերաբերյալ անմիջական հրամանաններ պարունակող առանցքային փաստաթղթեր, հեռագրեր, զեկույցներ, ինչպես նաև վերապրածների հուշեր: Գրիկերի արխիվում առկա են նաև ամերիկյան, գերմանական ու բրիտանական արխիվներից հավաքագրված մի շարք կարևոր փաստաթղթեր:
Արխիվի կարևոր մաս է կազմում 1919-1921 թվականին Ստամբուլում «Իթթիհաթ վե Թերաքքի» կուսակցության ներկայացուցիչների՝ Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի զանգվածային ջարդերի ու աքսորի գործով դատարանի առաջ կանգնած ժամանակ գործին կցված ապացույցների արխիվը, այդ թվում՝ դատական գործընթացի ժամանակ Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացրած զեկույցները և Թալեաթ փաշայի անմիջական հրամանները պարունակող հեռագրերը:
«Արխիվի ամենամեծ հարստությունը օսմաներեն ու հայերեն նյութերն են: Օսմաներեն նյութերում առկա են հայերի ոչնչացման մասին անմիջական հրամաններ պարունակող օրիգինալ փաստաթղթեր: Այսինքն՝ ցեղասպանությունը հերքողներն ու թուրքական իշխանություններն այլևս չեն կարող օգտագործել այն թեզը, թե «ոչնչացման անմիջական հրահանգ չի եղել»: Ես կարծում եմ, որ այս արխիվը լիովին ջախջախում է թուրքական իշխանությունների՝ ցեղասպանությունը հերքելու դասական ռազմակավարությունը, նրանք ստիպված են նոր հեքիաթ հորինել: Շատ կարևոր է, որ մարդիկ չհապաղեն այս ապացույցները սփռեն ցեղասպանությունը հերքողների առաջ», - ասել է թուրք պատմաբանը:
Գրիկերի արխիվի առանցքային բաղադրիչներից է հայ մտավորական Արամ Անտոնյանին պատկանած և ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթերը:
«1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված և հրաշքով փրկված Անտոնյանը 1917-18 թվականներին Հալեպում և դրա մոտակայքում հանդիպել է բազմաթիվ փախստական հայ ընտանիքների և թղթին հանձնել նրանց վերապրածները: Բացի այդ, Անտոնյանը Հալեպի հեռագրային ծառայությունից Նաիմ Էֆենդի անունով պաշտոնյայից գնել էր հայերի ոչնչացման անմիջական հրամաններ պարունակող շուրջ 50 գրավոր փաստաթղթի պատճենները: Ավելի ուշ նա այդ ամբողջ արխիվը հանձնել է Պողոս Նուբարի անվան գրադարան, որի տնօրենն էր հանդիսանում: Հոգևորական Կերկերյանը 1950-ական թվականներին պատճենահանել է այդ բոլոր փաստաթղթերը, որոնք դարձան նրա արխիվի կարևորագույն մասերից», - նշել է Աքչամը: