Մկրտիչ Մինասյան. «Օպերայի տարածքում բոլորովին այլ միջավայր պետք է լինի». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկված` Երևանի կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը մի կողմից ողջունվեց, մյուս կողմից արժանացավ մասնավորապես սրճարանների աշխատակիցների բողոքին: Քաղաքապետարանն առաջինը ձեռնարկել է վերականգնել Օպերայի հարևանությամբ գտնվող և Ազատության հրապարակին անմիջապես հարող հատվածի կանաչ տարածքները: Այդ հատվածն այսօր շրջապատված է սրճարաններով: Այդ հատվածներում գործունեություն ծավալող տնտեսվարողները ծանուցվել են: Քաղաքային իշխանությունն առաջարկում է նրանց գործունեությունը շարունակել քաղաքի այլ հատվածներում: Օպերայի տարածքից բացի, Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ազատել նաև հանգստի համար նախատեսված՝ քաղաքի կանաչապատ մյուս գոտիները:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ քաղաքապետարանը ճիշտ որոշում է կայացրել: Ճարտարապետի խոսքով, այդուհանդերձ, քաղաքային նոր իշխանության համար շատ դժվար է լինելու միանգամից արդյունքի հասնել:
«Պետք է կամաց–կամաց ազատվել այդ շինություններից: Բացի այդ, «Օղակաձև» այգին էլ է շատ ծանրաբեռնված, ինչպես նաև «Պապլավոկի» այգին և այլ տարածքներ: Մեր այգիները պետք է ստանան այն տեսքը, որ կարողանան կոչվածին ծառայել: Մեծ հաշվով՝ տեղ պետք է լինի, որ մարդիկ հանգստանան: Եթե քաղաքային իշխանությունը կարողացավ դրան հասնել, շատ լավ կլինի»,–մեզ հետ զրույցում ասաց ճարտարապետը:
Մկրտիչ Մինասյանի խոսքով, այնուամենայնիվ, կա մի ժառանգություն, որի համաձայն ծավալվել են ինչ–որ գործողություններ, շինություններ են կառուցվել:
«Դժվարությունը հենց այստեղ է: Երևի թե պետք է կամաց–կամաց հասկացնել, որ նման բան չի կարող լինել: Պետք է օրինակներ բերելով, կրթելով հասկացնել: Եղածը միանգամից դարձրեցինք սրճարանային տարածքներ, ու թեև հիմա շատ դժվար է լավ իմաստով հետ գնալը՝ վերադարձնել նախկին տեսքը, բայց ահնարին չէ: Ի սկզբանե յուրաքանչյուր գործարարի, ներդրողի համար պետք է հասկանալի լիներ, նրանց պետք է հասկացնեին, որ առաջնահերթը երկրի, քաղաքի և հետո նոր ներդրողների շահերն են: Այսինքն՝ այնպիսի բան չանեն, որ իրենց շահերը գերակայեն երկրի կամ քաղաքի շահերից»,–շեշտեց նա՝ ընդգծելով, որ այն դեֆորմացիան, որին ականատես եղանք, այդ ամենը չհասկացնելու արդյունքում էր:
«Տնտեսվարողներն, իհարկե, պետք է իրենց գործունեությունն իրականացնեն, բայց ոչ ի վնաս քաղաքի շահերի: Պետք է այդ ամենը հստակ լինի: Պետք է հասկացնել, որ ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես բոլոր նորմալ երկրներում է: Վերջին հաշվով՝ մենք պետք է սովորենք ապրել բառի ամբողջական իմաստով: Ապրենք նորմալ, միմյանց չխանգարենք: Իհարկե, շահույթ պետք է ստանալ, իհարկե, այդ շահույթով երկիրը ևս պետք է առաջընթաց ապրի, բայց նաև պետք է գիտակցել, որ եթե ինչ–ինչ գործողություններ խանգարում են, պետք է ուղղակի չգնալ դրանց իրականացման ճանապարհով: Օրենքով ապրելը մի քիչ դժվար է, բայց օրենքն է բերում թե՛ երկրի ճանաչումը, թե՛ կայունացումը: Եթե մենք այդ ամենին նայենք օրենքով ու այդ ամենն իրականացնենք օրենքով, ամեն ինչ լավ կլինի: Պարզ է, որ սրճարանատերերը ուզում են շատ օգուտ ստանալ, բայց իրենք նաև պետք է իմանան, որ որոշակի սահմաններում պետք է գործեն»,–նշեց նա:
Ճարտարապետների միության նախագահն ընդգծեց՝ այսքան տարի սրճարանների գոյությանը չէին կարողանում հանգիստ նայել, որովհետև դրանք վերածվում էին կառույցների:
«Այգիներում բետոնապատ կառույցներ չեն թույլատրվում: Ոչ մի երկրում չկա նման բան: Ուրիշ բան է, որ իրենց սահմանների մեջ թեթև կառույցներ են լինում: Իսկ այստեղ, օրինակ, տրամադրվում էր 30 քառակուսի մետր, բայց պայմանով, որ 100 քառակուսի մետր կանաչ տարածություն պահեն: Իսկ արդյունքում բոլորովին հակառակն էր ստացվում: Մեծ հաշվով՝ օրենքով պետք է շարժվենք: Իսկ Օպերայի տարածքում բոլորովին այլ միջավայր պետք է լինի: Պետք է աշխատենք պահպանել այդ միջավայրը»,– եզրափակեց նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում