Նախկին իշխանությունները քաջատեղյակ են եղել, բայց լռել են. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Չեխ գիտնականների «Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի շրջանակներում ներկայացրած Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շնող համայնքներում իրականացված հետազոտության արդյունքների հրապարակումն ու այդ թեմայի բացահայտումը թեև նորություն չէր հայ բնապահպանների ու մասնագետների համար, սակայն դա կարելի է այն մեկնարկային կետը համարել, որի շնորհիվ, կարելի է ենթադրել, որ դեռ շատ աղմկահարույց բացահայտումներ կլինեն, որոնք անմիջականորեն պայմանավորված են հանքերի անբարեխիղճ շահագործման հետևանքների հետ:
Բնապահպան Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում էկոլոգիական խնդիրները բազմաթիվ են: Եվ դրանք վերաբերում են ոչ միայն թափոններին և արտանետումներին, այլև հանքարդյունաբերության շնորհիվ սնկի պես աճած պոչամբարներում «պահվող» թունավոր նյութերի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցությանն ու դրանից բխող այլ բացասական հետևանքներին:
«Պոչամբարների պատճառով աղտոտվում են գետերը, գյուղացին ջրում է իր բերքը և ստացված մթերքը վաճառում նաև շուկայում: Օրինակ, մեր շուկաները ողողված են Մեղրիից և ընդհանրապես Զանգեզուրի տարածաշրջաններից բերված չրերով: Այնինչ մենք գիտենք, թե Մեղրու տարածաշրջանը ներկայում հանքարդյունաբերության պատճառով ինչ ծանր վիճակում է գտնվում: Խնդիրն այն է, որ նախկին իշխանությունները քաջատեղյակ լինելով այս ամենի մասին՝ աչք էին փակում նման խնդիրների վրա և մտածում էին միայն շահույթ ստանալու մասին: Սա պետական հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է որակել դա, որի արդյունքում ժողովուրդը հայտնվում է դանդաղ մահվան ճիրաններում: Սա հասկանալու համար պետք չէ ակադեմիկոս լինել: Ընդամենը հարկավոր է ուղեղ և տրամաբանություն ունենալ հասկանալու համար, թե ինչ է կատարվում ոլորտում»,– ասաց Ս. Ադամյանը:
Այս մասին քաջատեղյակ է եղել նաև առողջապահության նախարարության նախորդ կազմը, որը նույնպես, ցավոք, ծածկադմփոց է արել, նշեց բնապահպանը: Ի դեպ, տարիներ շարունակ բնապահպանների ահազանգերին ընդդիմացել են նաև հանքերի հարակից բնակավայրերի բնակիչները, որոնք հիմնականում եղել են այս կամ այն հանքի աշխատողներ: Մինչդեռ, եթե երկրում նորմալ դատական համակարգ լիներ, և մյուս կողմից հանքերի հարակից բնակավայրերի բնակիչները համախմբվեին բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացիական հասարակության շուրջ, հնարավոր կլիներ ամենաթողության դեմ պայքարն ավելի արդյունավետ իրականացնել:
«Աղքատ երկիր է, կան սոցիալական խնդիրներ, և մարդիկ մտածում են, որ բացված հանքը նաև աշխատատեղ է տեղի բնակիչների համար, որտեղ աշխատելով կարելի է գումար ստանալ: Պետությունը փոխանակ թույլ չտար, որ գյուղացուն պատկանող հողերը թունավորեն, կանգներ նրանց թիկունքին, դեռ մի բան էլ խրախուսել է հանքերը շահագործողներին և ճնշել տեղի բնակիչներին: Ինչ վերաբերում է ոլորտի նոր ղեկավարությանը, ապա, ինչպես գիտեք, բնապահպանության նախարարության կազմը մնացել է նույնը: Հատուկենտ մարդիկ են փոխվել: Եվ չնայած ես չեմ կարող չասել, որ Էրիկ Գրիգորյանը հատկապես հանքարդյունաբերության ոլորտի լավ մասնագետ է, բայց այն, որ ժամանակին նա խրախուսել է հանքերի այդ տեսակ աշխատանքը և փորձել է ինքն էլ ծածկադմփոց անել, դա փաստ է: Եվ ցավալին այն է, որ այսօրինակ հարցերը շտկելու համար ներկայում ոչինչ էլ չի արվում: Այս պահին ևս հանքարդյունաբերության ոլորտը բացարձակ բարձիթողի վիճակում է, և, ինչպես նախկինում էր, կառավարության կողմից ոլորտի խնդիրներին պետական մոտեցում չի ցուցաբերվում»,– ասաց Ս. Ադամյանը:
Կուտակված հարցերը լուծելու համար հարկավոր է պետական քաղաքականություն մշակել, օրենսդրական փոփոխություններ անել: Հարկավոր է նաև ներգրավել որակյալ մասնագետների, որոնք ժամանակին պայքարել են հանքարդյունաբերությունում տիրող ապօրինությունների դեմ: Միայն համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ոլորտը կարգի բերել, համոզված է բնապահպանը: Մյուս կողմից պետք է կանգ առնել, լքված պոչամբարների հարցերը կարգավորելու ելքեր գտնել, ինչը ևս համակարգային խնդիր է:
«Մեր երկիրը չպետք է գնա հանքերի երևակման ճանապարհով: Վերցնում են հանքանյութը, տանում են, դրսում վաճառում են: Պետք է վերջ տրվի այս մոտեցմանը: Ես նաև չեմ հասկանում, թե ինչու են Եվրամիության որոշ ներկայացուցիչներ կարծում, որ Հայաստանը պետք է շարունակի գնալ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և ընդլայնման ճանապարհով: Ես նման մի հանդիպման մասնակից եմ եղել, որը ինձ շատ է զայրացրել: Մեր ապագան դա չէ: Մինչ այս ինչ արել ենք, բավական է: Պետք է կանգ առնել, կարգավորել խնդիրները, ինչը երկար տարիների համառ աշխատանք է պահանջում»,– ասաց Ս. Ադամյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում