Քաղաքագետ. «Այնքան սխալ են գործել, որ չես էլ կարող հստակ դեղատոմս գրել ու ասել՝ այսպես պետք է սկսել». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այս փուլում երկու մարտահրավեր է առանձնացնում՝ մեկը կապելով հասարակության, մյուսն էլ Արցախի խնդրի հետ:
Մինչ մարտահրավերներին անցնելը, գնահատելով վերջին մեկ տարվա գործընթացները, նկատում է. «Ցավոք, խնդիրները չեն պակասել: Եթե մեկ տարվա կտրվածքով դիտարկենք, ապա բազում լրացուցիչ խնդիրներ ենք ստացել: Առաջնահերթը, որը պետք է հաղթահարվի, հասարակության փաստացի պառակտումն է: Իշխանափոխություններից հետո, որպես կանոն, ընտրություններին մասնակցության թիվը շատ ավելի մեծ է լինում: Այդուհանդերձ, դեկտեմբերին տեսանք, որ հասարակության մեծամասնությունը չի ցանկացել մասնակցել ընտրություններին: Այսինքն, այդ մեծամասնությունն ապակողմնորոշված էր մնացել: Սա նշանակում է, որ հաղթող ուժը վայելում է միայն 38-40 տոկոս ընտրողների վստահությունը»:
Նա հավելեց, որ սա ամենավտանգավոր հանգամանքներից մեկն է, որը պետք է լուծվի. «Իսկ թե ինչպե՞ս՝ չեմ կարող ասել, որովհետև արդեն այնքան սխալ են գործել, որ դժվար է կանխագուշակել, թե նոր և գիտակցված աշխատանքը որտեղից պետք է վերսկսել: Այնքան սխալ են գործել, որ չես էլ կարող հստակ դեղատոմս գրել ու ասել՝ այսպես պետք է սկսել»:
Ս. Շաքարյանցը շեշտեց, որ երկրորդ հարցն Արցախի հիմնախնդրի փակուղին է:
«Երբ մարդը սկսում է դժվար կատարվելիք խոստումներ տալ ու հետո հետ կանգնել այդ խոստումներից, ստեղծվում է տպավորություն, որ նա չի տիրապետում իրադարձությունների իրական շարադրվածքի պատկերին, չի պատկերացնում նաև գործի բարդությունը: Մենք մեր իսկ ձեռքով ենք փակուղի ստեղծում: Եթե մարդը հետամուտ է իր այն հայտարարությանը, որ լիազորված չէ ներկայացնել Արցախի ընտրողների, Արցախի քաղաքացիների շահերն ու պահանջները, ապա պետք է հետամուտ լինի ու չշարունակի բանակցել Ադրբեջանի հետ: Սա տրամաբանություն է, որի հիմքում այսօրվա ղեկավարության հայտարարություններն են: Բայց եթե, այնուամենայնիվ, շարունակում եք բանակցել ադրբեջանական կողմի հետ, ապա դուք մեղադրվում եք խաբեբայության մեջ, ինչը ևս լրացուցիչ պառակտում է առաջացնում»,-ասաց մեր զրուցակիցը:
Քաղաքագետի խոսքով, եթե վերոնշյալ երկու խնդիրները կարողանանք իմի բերել ներքին մակարդակով, ապա մնացած բոլոր մարտահրավերներն ավելի ցածր նշանակություն կստանան:
«Բայց քանի որ պառակտված ենք և գլխավոր հարցերում մեկ ընդհանուր գիծ չունենք, մնացած հարցերում և նույն խաչմերուկում անշարժ կանգնած ենք մնալու: Իսկ այդ վիճակում մեքենայի տակ ընկնելու վտանգը միշտ է առկա: «Խաչմերուկային» իրավիճակներում արագ անցնել է պետք՝ անշարժ մնալը վտանգավոր է: Բոլորն ասում են՝ սպասե՛ք, մի տարի է անցել, ժամանակ տվե՛ք: Այդ «խաչմերուկում» ժամանակ տալ հնարավոր չէ, խաչմերուկները պետք է «վազելով» անցնել: Ժամանակ չկա, վաղը կամ մյուս օրը որևէ «տրանսպորտային միջոց» խփելու է մեզ: Այդ խաչմերուկում դու չորս կողմից վտանգի տակ ես: Անկախ մեր ներքին հարցերից, այնուամենայնիվ, աշխարհը տեղում չի կանգնում: Մենք տեսնում ենք, թե ինչպես են սաստկանում ԱՄՆ-Իրան, ռուսամերիկյան, ռուս-չինական հարաբերությունները: Իսկ մենք անգամ չենք մասնակցում, օրինակ, Չինաստանում կայացած միջազգային համաժողովին, բայց փոխարենն այստեղ «Քաղաքացու օրն» էինք նշում: Բայց ինչ-որ բան ունե՞ք, որ «Քաղաքացու օր» եք նշում: Դուք արդեն հրաժարվե՞լ եք «լևոնական», թեկուզև Սերժ Սարգսյանի օրոք փոփոխված Սահմանադրությունից: Քաղաքացու օրն այն փաստաթղթի օրն է, որտեղ գրանցված են քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Նորմալ երկրներում այն Սահմանադրությունն է: Մենք հրաժարվե՞լ ենք Սահմանադրության օրվանից, թե՞ նման ամսաթիվ, այդուհանդերձ, դեռ կա մեր օրացույցում: Մեզ մոտ այնքան խառն իրավիճակ է: Մենք սկզբից պետք է ներքին մարտահրավերներից ձերբազատվենք, որպեսզի ազգային ու հավաքական ուժով մտածենք՝ ինչպես լուծել մյուս մարտահրավերը»,-նշեց Ս. Շաքարյանցը:
Նա կարևորեց ծրագրերի առկայության անհրաժեշտությունը:
«Եթե, օրինակ, ամերիկա-իրանական ռազմական գործողություն սկսվի, ծրագիր ունե՞նք, թե ինչպես ենք արձագանքելու: Նման շատ հարցեր կան: Բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ մարդիկ առանց ծրագրի են գործում, թեպետ առաջին մարդը չեմ, որ խոսում եմ այդ մասին: Այս թիմը նորմալ ծրագիր չունի ո՛չ տնտեսության, ո՛չ ներքաղաքական և ո՛չ էլ մյուս ոլորտների համար: Եթե մենք, որպես հասարակություն, չենք հաղթահարում Արցախի հարցի փակուղին և ներքին պառակտումը, մնացած մարտահրավերների շուրջ ծրագրեր կազմելու մասին մտածելն անգամ ծիծաղելի է: Ես չեմ կարծում, որ առանց այդ երկու մարտահրավերների լուծման հնարավոր կլինի մյուս հարցերի առումով մշակել ու առաջարկել համընդհանուր ազգային ծրագիր»,-եզրափակեց քաղաքագետը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում