«Պետք է կարգավորել ՀԷԿ-երի գործունեությունը, հակառակ դեպքում նույն աղետալի վիճակը կլինի, ինչ Սևանա լճի պարագայում». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Բնապահպանական խնդիրները «հանգիստ չեն տալիս» Հայաստանին՝ Սևանի ճահճացման վտանգ, հանքարդյունաբերության անվերահսկելիություն, անտառների ոչնչացում՝ անգամ օրենքի խստացման պայմաններում, գետերին հասցված վնաս՝ հատկապես փոքր ՀԷԿ-երի ոչ ճիշտ կառավարման հետևանքով:
Համացանցում հրապարակվող լուսանկարները փաստում են՝ որոշ դեպքերում գործ ունենք գետի ցամաքելու հետ, ընդհուպ այն աստիճան, որ գետում կանգնած մարդու ոտքերի տակ ոչ թե ջուր է, այլ քարեր: Որոշ դեպքերում էլ խնդիր է գետերի աղտոտումը կենցաղային աղբով և հատկապես լքված հանքերից գետերի մեջ լցվող թունավոր ջրերով:
Փոքր ՀէԿ-երի աշխատանքը վերահսկելու հետ կապված վերջերս «Փաստի» հետ զրույցում «ԷկոԼուրի» փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը նշել էր, որ իրենց փորձագիտական խումբը կառավարությանն առաջարկել է էկոանձնագրավորել ՓՀԷԿ-երը, որն իրենից ենթադրում էր դրանց ինքնավերահսկում:
«ՓՀԷԿ-ը պետք է վարեր իր անձնագիրը՝ լրացնելով իր գործունեությանը վերաբերող տվյալները, հետևելով բնապահպանական նորմերի պահպանմանը:
Առաջարկվում էր բարեխիղճ ՓՀԷԿ-երին տալ «կանաչ» էկոանձնագիր, որի դեպքում դրանք 5 տարով կազատվեին տեսչական ստուգումներից՝ որպես օրինակելի աշխատանքի խրախուսում: Սակայն այդ առաջարկությունը ՀՀ կառավարության կողմից դեռ արձագանք չի ստացել», - ասել էր Բուռնազյանը:
Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ վերջին շրջանում բոլորը բարձրաձայնում են բնապահպանական խնդիրների մասին, բայց, կարծես թե, անտեսվում է ՀԷԿ-երի թեման, այն, թե դրանք ինչ ազդեցություն են ունենում ջրային ռեսուրսների վրա:
«ՀԷԿ-երի ծրագրերը, որոնք ներմուծվել են Հայաստան, եղել են որպես կանաչ էներգետիկայի ծրագրեր, որոնք իրականում չպետք է վնաս հասցնեին շրջակա միջավայրին և, ընդհակառակը, պետք է կարգավորեին կլիմայական փոփոխությունները Հայաստանում: Սա է եղել ծրագրի իմաստը:
Բայց տեսեք, թե ինչի առաջ կանգնեցինք: Ամեն ծրագիր, որը եթե չունենա լավ կառավարում, ճիշտ մոտեցումներ, կարող է բերել բնական աղետների: Հիմա կանգնած ենք այդ աղետի առաջ: Այսինքն՝ այն գետերը, որոնց վրա մի քանի ՀԷԿ կա կառուցված, այս սեզոնին փաստացի չորանում են: Ջրերի չորանալու հետ մենք կորցնում ենք տեղի կենսաբազմազանությունը, ձկնային պաշարները և այլն: Այն գետերը, որոնք լցվում են դեպի Սևան, դարձյալ այդ վիճակում են:
Հսկա ՀԷԿերը, օրինակ՝ Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանը, մեծ քանակությամբ ջուր է սպառում թե՛ գետերից, թե՛ Սևանա լճից: Հիդրոէլեկտրակայաններն իրականում պետք է իրենց դերն ունենան էլեկտրաէներգիայի ստացման խնդրում, բայց սխալ կառավարումը, չափից դուրս անխնա օգտագործումն առհասարակ բոլոր ոլորտներում կարող է բերել այս վիճակին», - ասում է Ադամյանը:
Նա նշում է, որ նախկին կառավարությունը ստացավ ծրագիրը, բոլորին հնարավորություն տվեց ՀԷԿ-եր կառուցել՝ առանց քննարկելու իրավիճակը, առանց շրջակա միջավայրի նորմալ փորձաքննություն անցկացնելու:
«Հիմա գոնե պետք է մոնիթորինգ իրականացնել, հաշվարկներ անել, քանի որ կան գետեր, որոնց վրա ՀԷԿ-երի քանակը թույլատրելիից շատ է, դրանց քանակը պետք է նվազեցնել:
Եթե կոնկրետ գետի վրա ՀԷԿ-ի գործունեությունը հանգեցնում է աղետի, այն ուղղակի պետք է փակվի ու վերջ: Հիմա պետք է կարգավորել իրավիճակը, հակառակ դեպքում նույն աղետալի վիճակը կլինի, ինչ Սևանա լճի պարագայում:
Այդքան խոսեցինք խնդիրների մասին, բայց ապարդյուն, վերջում կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ: Հայաստանում ՀԷԿ-երի և առհասարակ ջրային ռեսուրսների հետ կապված ունենք լուրջ խնդիր:
Նույն վիճակն է հանքարդյունաբերության ոլորտում: Երբ մենք ասում ենք, որ համակարգման, կառավարման խնդիր կա, չենք ասում՝ ամեն ինչը վերացրեք, նախնադարում ապրենք: Ասում ենք՝ խնայող լինենք, ունենք ժառանգներ, որոնք պետք է ապրեն այս հողի վրա», - ասում է բնապահպանը՝ շեշտելով, որ կան երկրներ, որտեղ խմելու ջուր չկա, գետերն աղտոտվելու պատճառով ցամաքել են:
Փորձագետը կարծիք է հայտնում՝ Սևանա լճի այս վիճակի մեջ մեծ «ներդրում» ունեն այն թույլտվությունները, որոնք ժամանակին տրվել են Սևան թափվող գետերի վրա ՀԷԿեր կառուցելու նպատակով:
Խնդիրների բարձրաձայնման հարցում Ադամյանը մեծապես կարևորում է բնապահպանների դերը՝ նշելով, որ նրանք անընդհատ վեր են հանում խնդիրները, հրավիրում պատկան մարմինների ուշադրությունը, որոնք էլ ընդունում են դրանք, սակայն ի՞նչ օգուտ, երբ քայլեր չեն կատարվում: Նրա խոսքով, ստացվում է, որ եթե չխոսեն հասարակական կազմակերպությունները, անկախ փորձագետները, երկիրն անդունդը կգլորվի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում