«Թե՛ դիմորդների թվի նվազումը, թե՛ քննությունների արդյունքները լուրջ ազդանշան պետք է լինեն». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Ամփոփվում են ընդունելության քննությունների արդյունքները, կատարվում են վերլուծություններ: Հրապարակված թվերից ակնհայտ է, որ բուհերում մի շարք մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր: Օրինակ, ԵՊՀ-ում կա 713, տնտեսագիտական համալսարանում՝ 514, մանկավարժական համալսարանում՝ 669, լեզվահասարակագիտական համալսարանում՝ 454, ճարտարապետության և շինարարության համալսարանում՝ 694, ագրարային համալսարանում՝ 952 թափուր տեղ: Սա բացատրվում է և՛ դիմորդների թվի սակավությամբ, և՛ անցողիկ շեմի չհաղթահարմամբ:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ այս տարի դիմորդների թվի նվազումը մի փոքր անակնկալ էր: «Եթե նախորդ երկու տարիներին հասկանալի էր, թե ինչու է դիմորդների թիվը քիչ, ապա այս տարի, իմ հաշվարկով, մոտավոր պետք է ունենայինք 12-13 հազար դիմորդ, բայց, ցավոք, ունեցանք մոտավորապես 10 հազար դիմորդ:
Եղել են տարիներ, երբ դիմորդների թիվը կազմել է 19 հազար: Այդ թիվը կամաց-կամաց նվազեց՝ 16, 15, 13 և հիմա, փաստորեն, հասանք 10 հազարի հանգրվանին: Սա, իհարկե, մտահոգում է, և այստեղ շատ լուրջ վերլուծության կարիք կա՝ հասկանալու համար, թե որտեղ են, այսպես ասած, պոտենցիալ 3000 դիմորդները, որոնք պետք է դիմեին բուհեր: Միևնույն ժամանակ պարզ է, որ նրանցից մի քանի տասնյակը այն երեխաներն են, որոնք միանգամից ընդունվել են արտասահմանյան բուհեր: Վերջին 3-4 տարիներին արտասահմանյան բուհեր ընդունվող շրջանավարտների թիվը մի քանի տասնյակով ավելացել է:
Ենթադրենք, մի 100 հոգի էլ ընդունվել է ամերիկյան համալսարան, մի քանիսը՝ քոլեջների միջոցով ընդունվում է բուհ՝ միանգամից երկրորդ կուրս: Ամեն դեպքում, մոտ 2000 դիմորդ այս տարի պակասել է», - ասում է Խաչատրյանը:
Փորձագետն անդրադառնում է դիմորդների թվի նվազման պատճառներին: «Գլխավոր պատճառը կարող է լինել այն, որ այդ երեխաներն ունեն ֆինանսական խնդիրներ և ի վիճակի չեն Երևանում սովորել, բուհերի վարձավճարներ տալ:
Մյուս պատճառն այն է, որ կրթական մակարդակն է իջել, և այդ պատճառով շրջանավարտը հասկանում է, որ ինքը չի կարող բուհում սովորել: Երրորդ հնարավոր պատճառը կարող է լինել այն, որ բուհական կրթությունն այլևս պահանջված չէ, այսինքն՝ այն մոլուցքը, որ «մեր վերջին կովը վաճառենք, այդ գումարով պարապենք, վարձ տանք», միգուցե վերացել է, և հասարակության մի խումբ մտածում է, որ ավելի լավ է այդ գումարն իրենք ուրիշ նպատակով ծախսեն, քան վճարեն ուսման վարձ», - կարծիք է հայտնում Խաչատրյանը:
Անդրադառնում ենք քննության արդյունքներին, մասնավորապես՝ դիմորդների մոտ 20 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզու և գրականություն առարկայի քննության դրական շեմը. 4540 դիմորդից հայոց լեզու և հայ գրականություն առարկայից բացասական գնահատական է ստացել 1162 դիմորդ:
Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը օրերս լրագրողների հետ հանդիպմանը ասել էր՝ «չի կարելի, որ երեխան դպրոցում 12 տարի գրի, կարդա, խոսի հայերեն, ու հետո ստուգենք և ասենք, թե դու անբավարար գիտելիք ունես հայերենից։ Սա աբսուրդ է»։
Խաչատրյանը համակարծիք է՝ սա պետք է ազդակ լինի, որ կրթության ոլորտում ունենք համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն: «Իհարկե, սա լուրջ ահազանգ է, որովհետև այդ դիմորդները, որոնք անբավարար են ստացել, եղել են, այսպես ասած, շատ ցածր պաշարով գիտելիքի ստորին շեմում, և երբ նախարարությունը թեստերում ինչ-որ մեխանիկական փոփոխություն է կատարել, թեկուզ հերթականության, տառեր և անուններ է փոխել, ենթադրենք, իրենք պետք է ստանային 7,5-8 միավոր, այդ փոփոխության հետևանքով կորցրել են մեկ միավոր ու ընդհանրապես չեն հաղթահարել դրական շեմը:
Պետք է հաշվի առնել նաև, որ դիմորդների ճնշող մեծամասնությունն այս արդյունքներին հասնում են կրկնուսույցի մոտ պարապելու արդյունքում, այսինքն, եթե կրկնուսույցի մոտ չպարապեն, արդյունքները շատ ավելի վատը կլինեն: Հնարավոր է՝ հայոց լեզու առարկայից անբավարար ստանա դիմորդների 40, ոչ թե 20 տոկոսը:
Ընդ որում՝ պետք չէ կենտրոնանալ միայն հայոց լեզու առարկայի վրա, որովհետև մյուս առարկաների դեպքում էլ ունենք գրեթե նույն պատկերը: Խնդիրը համակարգային է, և թե՛ սա, թե՛ դիմորդների թվի նվազումը մեզ համար լուրջ ազդանշան է:
Պետք է փորձենք պարզել՝ ո՞ւր են «կորչում» այդ դիմորդները, որովհետև մեր դպրոցներն ու քոլեջներն այս տարի ունեցել են մոտավորապես 25 հազար շրջանավարտ: Ստացվում է, որ 25 հազարից 10 հազարն է դիմել բուհ ընդունվելու համար՝ ընդամենը 30-40 տոկոսը: Աշխարհում երկրներ կան, որտեղ 60-70 տոկոս ուսանող կա, իսկ մենք ընդամենը 30-40 տոկոս դիմորդ ենք ունենում», - ընդգծում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում