Արցախի «Արդարություն» կուսակցության ռեյտինգը սրընթաց վերելք է ապրում
AnalysisԱրցախի բնակչության քաղաքական դիրքորոշումը պարզելու նպատակով անցյալ ամիս Արցախում սոցոիոլոգիական ուսումնասիրություն է իրականացվել: Orer.am-ն արդեն ներկայացրել է, թե նախագահի թեկնածու համարվող ֆավորիտ թեկնածուներն ինչ դիրքերում են հայտնվել, ինչն, անկեղծ ասած, հնչեցվող հայտարարությունների ֆոնին փոքր-ինչ զարմանալի կարելի է համարել:
Նշենք, որ հետազոտությունն իրականացրել է հայաստանյան «ԷՄՊԻՐԻԿԱ» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը, որը թեև 2014 թվականից գործունեություն է ծավալում սոցիոլոգիական և մարքեթինգային ոլորտներում, սակայն հասարակությանն այնքան էլ ծանոթ ընկերություն չէ:
Չի հրապարակվում նաև, թե որ քաղաքական ուժն է պատվիրել հետազոտությունը, բայց, ամեն դեպքում ստացված արդյունքները բավական խոսուն են, ինչին արժե անդրադառնալ: Վերլուծելով հարցման արդյուքների ուշագրավ փաստերը, նշենք, որ առաջին եռյակում զարմանալիորեն հայտվել են այնպիսի կուսակցություններ, որոնցից երկուսը՝ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի «Արցախի ժողովրդավարական» կուսակցություններն արցախյան քաղաքական կյանքում բավական երկար տարիների կենսագրություն ունեն, հանդիսացել են Արցախի իշխանական թևը, իսկ երրորդ ՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ընդամենը մեկ տարուց պակաս կենսագրություն ունի:
Բայց, պարզվում է, որ իր գործունեությամբ այն արդեն իսկ կարողացել է ապացուցել, որ պայքարում է երկրում իրական արդարություն հաստատելու համար, ինչը արցախցիների կողմից, փաստորեն, բարձր է գնահատվել: Ի դեպ, «Արդարություն» կուսակցությունը միացել է նաև Վ. Բալասանյանի «Հանուն Արցախի» համազգային շարժմանը, որը կրկին վերջերս է ձևավորվել:
Հարցումից կարող ենք արձանագրել նաև, որ Արցախի «Արդարություն»-ն իր ռեյտինգով առաջ է անցնել նաև Արցախում ընդդիմություն համարվող ՀՅԴ և Հայկ Խանումյանի «Ազգային վերածնունդ» կուսակցություններից, որոնք ևս բավական հարուստ քաղաքական կենսագրություն ունեն: Հարցման պատվիրատուի անունը թեև այս պահին չի հրապարակվում, սակայն չի բացառվում, որ այն իրականացվել է Արայիկ Հարությունյանի պատվերով, հանրությանը ցույց տալու համար, որ ինքն, այնուամենայնիվ առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Եվ եթե իսկապես այդպես է, ապա, բնական է, որ ամեն ջանք պետք է գործադրվեր, որ հարցման արդյունքներն այնպիսի տրամաբանություն ունենային, ինչպիսին այս օրերին է հանրությանը ներկայացվում:
Մինչդեռ պատկերը բոլորովին այլ է: Ստացվում է, որ այնուամենայնիվ արցախցիները նախապատվություն են տալիս նոր ուժերին, որոնց թվում է «Արդարություն» կուսակցությունը, և որն այս պահին համարվում է Արցախի իշխանությունների թիվ մեկ քննադատողը:
Այսինքն՝ եթե իսկապես հարցման պատվիրատուներն Արցախի իշխող կուսակցության ներկայացուցիչներն են, ուստի բնական է, որ չէին ցանկանա, որ իրենց հիմնական մրցակիցն ընդամենը մի քանի տասնորդականով զիջի ԱԺ նախագահի կուսակցության արդյունքին:
Կարճ ասած, ինչքան էլ արդյունքները հարմարեցված լինեն իշխանությունների ցանկություններին, այնուամենայնիվ հնարավոր չի եղել արդյունքներն այն աստիճան կեղծել, որ «Արդարություն» կուսակցությունը հայտնվի երրորդ տեղում, ինչը, համաձայնեք, որ վատ ցուցանիշ չէ:
Orer.am-ը ուշի-ուշով հետևում է Արցախում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Առաջիկայում կներկայացնենք նաև մի քանի այլ ուշագրավ բացահայտումներ, որոնց մասին ևս հանրությունը պետք է հստակ տեղեկություն ունենա, որպեսզի ընտրությունների ժամանակ կարողանա կատարված գործերը գնահատել, հստակ կողմնորոշվել և իր համար արդյունավետ որոշում ընդունել:
Արմինե Գրիգորյան