«Ազատ Հայրենիք»-ի ջախջախիչ հաղթանակի հետևանքները կարող են նաև ցավոտ լինել
AnalysisՍեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրություններից հետո որոշ կուսակցություններ հանդես եկան տարբեր հայտարարություններով, սակայն ուշագրավ էր «Ազատ Հայրենիք» կուսակցության հայտարարությունը հաղթանակի և չգիտես ում ջախջախելու մասին էր:
Մնում է միայն նայել, թե ՏԻՄ ընտրությունները ջախջախող «Ազատ Հայրենիքն» ինչ կազմ ունի: Ամենապարզ դիտարկումն անգամ փաստում է, որ այնտեղ հավաքվել են մարդիկ, որոնք իրենց կարիերայի համար պարտական են բացառապես Արայիկ Հարութունյանին: Նրանց շարքերում անկախ մտածող և գործող սուբյեկտներ գրեթե չկան, որոնց հասկացվել է, որ իրենց հիմնական ֆունկցիան ձայն բերելն է, որի դիմաց նրանք մշտապես ստացել են բիզնեսով հանգիստ զբաղվելու կամ պաշտոն ձեռք բերելու իրավունք:
Այո, այս պահին կարող ենք արձանագրել, որ Արայիկ Հարութունյանն իր թիմով հաղթել է բոլոր կուսակցություններին: Մնում էր միայն, որ ժողովրդին հաղթի: Եվ, փաստորեն, ժողովրդին էլ հաղթեց: Միայն թե, մի բայց կա, որի վրա նույն Արայիկ Հարությունյանը կարծես թե ուշադրություն չի դարձնում: Պարտված և ջախջախված ժողովրդով կառավարել պատերազմող երկիր ու կառուցել ազգ-բանակ, այդքան էլ հեշտ չի լինելու:
Այս առաջատար համարվող քաղաքական ուժը տարիներ շարունակ կարողացել է ամայացնել երկրի քաղաքական դաշտը, թույլ չտալով, որ նույնիսկ քաղաքացիական հասարակությունը ծիլեր արձակի: Հակառակ դեպքում, բնական է, որ քաղաքական մրցակցություն կծավալվեր խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության՝ ընդդիմության միջև: Վերջինս կկարողանար դառնալ այլընտրանքային գաղափարներ և քաղաքական օրակարգ ձևավորող քաղաքական բևեռ, և չէր մնա լոկ ձևականի դաշտում:
Այսինքն՝ չկարողանալով ներազդել քաղաքական որոշումների վրա ըննդիմությունը հարմար տեղավորվել է, և, նույնիսկ, չի էլ ուզում բողոքել: Արդյունքում ստացվում է, որ Արցախում, ինչպես նախկինում Հայաստանում էր, ձևավորվել է միաբևեռ քաղաքական համակարգ, որը վերաճել է միահեծան իշխանության: Եվ այս պայմաններում, բնական է, որ այդ ուժը բոլոր ընտրություններում ջախջախիչ հաղթանակներ կտոնի բոլորի, նույնիսկ սեփական ժողովրդի նկատմամբ:
Բայց, ինչպես Հայաստանի ժողովուրդը չկարողացավ երկար դիմանալ գաղութացման տանող քաղաքական ռեժիմին, այնպես էլ Արցախի ժողովուրդը կարող է մի օր հոգնել քաղաքական դիկտատուրայից և որոշում կայացնելվերջ դնել այդ ամենին:
Ի վերջո, չպետք է մոռանալ նաև ֆիզիկայի, հատկապես՝ Նյուտոնի այն օրենքը, որ այն ուժով, որով ճնշում է գործադրվում, նույն չափով այն ետ է վերադառնում դեպի ճնշման կետ:
Ասել է, թե բավական հավակնոտ է այն մոտեցումը, որ ինչ-որ մի քաղաքական ուժ կարող է սեփական ժողովրդի կամքը ջախջախելու հաշվին իր հաղթանակը տոնել և դեռ մի բան էլ մտածել, որ շարունակում է իշխանության բոլոր լծակներն իր ձեռքում պահել:
Մարիա Ավագյան