«Հասցեատերերը պետք է լինեն իրենց կյանքը նվիրաբերած ու վտանգած հայորդիները»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
«Զինվոր» ՀԿ համակարգող խորհուրդն օրեր առաջ կայացած նիստից հետո գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով առաջարկում է մարտական առաջադրանք կատարելիս զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների 6640 ընտանիքից յուրաքանչյուրին տրամադրել միանվագ 30 մլն դրամ աջակցություն:
Գրության տակ ստորագրել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, «Ինձ բացակա չդնեք» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Խլղաթյանը:
Մեսրոպ Մանուկյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ զինծառայողների սոցապահովության հիմնադրամում ինքը հաշվետու է զոհվածների ծնողների առաջ, ընտրված անդամ է հանձնաժողովում, պարբերաբար քննարկումներ է անցկացնում զինծառայողների ընտանիքների հետ:
«Վարչապետին դիմելու իմ առաջարկը հետևյալ կերպ ի հայտ եկավ: Անցած տարվա սեպտեմբերին, երբ որոշվեց հիմնադրամից հետհաշվարկով զոհվածների ընտանիքներին գումար փոխանցել, առաջարկեցի, որ նաև միանվագ գումարը վճարենք, բայց այն ժամանակ գումար չլինելու կամ էլ սղության պատճառաբանությամբ իմ առաջարկությունը մերժվեց:
Հիմա կառավարությունը զոհվածների ընտանիքների աջակցության նոր չափորոշիչներ է սահմանել, ուստի համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ամենաարժեքավորը սահմանին կանգնած զինվորն է, և նրա կյանքի արժեքն անգին է:
Կարծում եմ՝ այն հայորդիները, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքին կամ էլ հաշմանդամություն ձեռք բերեցին, արժանի են, որ կառավարության որդեգրած նույն սկզբունքով իրենք նույնպես ստանան ֆինանսական աջակցություն:
Իմ այս առաջարկությունը քննարկել եմ զոհվածների ծնողների և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների հետ, բոլորը միակարծիք են և խնդրել են, որ այդ հարցը բարձրաձայնեմ»,-ասում է Մանուկյանը:
Նա նաև մատնացույց է անում, թե որտեղից կարելի է վերցնել այդ գումարները: «Այս տարի կառավարությունը հայտարարում է, որ եկամտային հատվածով 25 տոկոս հավելաճ է ունենալու, այսինքն՝ պետբյուջեն եկամտային մասով կգերակատարվի:
Այդ գումարների մուտքագրումը ոչ թե արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարելու արդյունք է, այլ նրա, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանն այսօր ունի լավագույն մաքսային դաշտ, ինչի վառ օրինակը ավտոմեքենաների մաքսազերծումն է:
Հենց այդ պարագայում են լրացուցիչ մուտքեր ապահովվել: Հաջորդ տարի այս մուտքերը չենք ունենալու, սա վերջին տարին է, այս մուտքերը հիմք ընդունելով՝ գալիք տարի ինչ-որ ռազմավարական ծրագիր մշակելը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չի լինի:
Առաջարկում եմ, որ «երկնքից մեր կառավարության գիրկն ընկած այս խնձորները» գտնեն իրենց ճիշտ և արդարացի հասցեատերերին:
Այս պարագայում ասում եմ՝ դուք գումար ունեք, որ դեպոզիտ եք մուտք արել և ոչինչ չեք անում, այն պետք է հասցեատեր ունենա: Իսկ հասցեատերերը պետք է լինեն այն հայորդիները, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են անկախ Հայաստանի համար: Սա պոպուլիստական հայտարարություն չէ»,- նշում է մեր զրուցակիցը
Նա տեղեկացնում է, որ 6640 ընտանիքի մեջ ներառված են և՛ Արցախյան, և՛ Ապրիլ յան պատերազմի ժամանակ զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները և նրանց ընտանիքները:
«Իմ հաշվարկներով՝ այս թվի մեջ ներառված են մարդիկ, որոնք զոհվել կամ էլ հաշմանդամություն են ձեռք բերել մարտական առաջադրանք կատարելիս:
Ներառված չեն այն դեպքերը, երբ զինծառայողները ինքնասպանություն են գործել կամ միջանձնային միջադեպերի հետևանքով գրանցվել է զինծառայողի մահը»,-եզրափակում է Մեսրոպ Մանուկյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում