Փարաքարի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը չի ժխում անցյալը, բայց նայում է դեպի ապագա
InterviewՓարաքարում, սեպտեմբերի 29-ին կայանալիք համայնքապետի ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Orer.am-ը հարցազրույցներ է արել բոլոր թեկնածուների հետ, նրանց հնարավորություն տալով իրենց ծրագրերը ներկայացնել, ինչպես նաև պատասխանել մամուլում նրանց մասին հրապարակված տեղեկություններին:
Մեր հաջորդ զրուցակիցը Փարաքարի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանն է, որը ևս սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին:
- Պարոն Մինասյան խոսակցություններ կան, որ Դուք նախկինում դատապարտված եք եղել, բայց այդ մասին Ձեր կենսագրության մեջ նշված չէ: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:
- Ես չեմ ժխտում որ դատապարտված եմ եղել, բայց այդ ամենից արդեն տաս տարի է անցել: Ես նույնիսկ մոռացել եմ այդ մասին: Իմ համագյուղացիներն այդ մասին տեղյակ են, բոլորն էլ գիտեն, թե ինչ էր եղել, ինչպես էր եղել: Ինչ վերաբերում է այդ մասին մամուլի հրապարակումներին, ապա ես դրա մասին խոսել եմ, նյութերը հրապարակված են: Այնպես որ նպատակահարմար չեմ գտնում նույն այդ թեմային կրկին անդրադառնալ, քանի որ հոգնացուցիչ է: Եթե նոր պրովակատորները փորձում են հիշեցնել դա, ամեն դեպքում չի ստացվելու, քանի որ այնպես չէ, որ ես Հոկտեմբերյանից կամ մեկ այլ վայրից եկել եմ Փարաքար ու թաքնված ապրել: Այստեղ ծնվել, մեծացել եմ և բոլորն էլ տեղյակ են եղել այդ մասին, ուստի կարծում եմ, որ այդ թեմային կրկին անգամ անդրադառնալը կամ դա հիշեցները անիմաստ է:
- Մամուլում հրապարակումներ եղան նաև այն մասին, որ Ձեզ նախկին ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն է սատարում: Ճի՞շտ են արդյոք այդ խոսակցությունները:
- Երբ Առաքել Մովսիսյանը ԱԺ պատգամավոր էր, ես այդ ժամանակ գործող ավագանու անդամ եմ եղել Փարաքարում: Եվ այդ պայմաններում տարօրինակ կլիներ, որ Առաքել Մովսիսյանի հետ շփում չլիներ: Չէ՞ որ մեր գյուղի հետ կապված բոլոր հարցերը, խնդիրները պետք էր կազմել և նրան ներկայացնել, որպեսզի նա էլ իր հերթին ներկայցներ Ազգային ժողովում: Այնպես որ, այդ շփումը եղել է բնական և դրան անդրադառնալը ևս ծիծաղելի է:
- Իսկ ճի՞շտ է որ կալանավայրից ազատ արձակվելու համար Առաքել Մովսիսյանն է Ձեր համար երաշխավորագիր ներկայացրել:
-Ո՛չ, նման բան չկա: Բոլորն էլ իրավունք ունեն փակ, կիսափակ կամ բաց ռեժիմի պայմաններում կրել պատիժը: Ես էլ օրինակելի վարք ցուցաբերելով կալանավայրում, օրենքի սահմաններում օգտվել եմ իմ իրավունքից և բաց ռեժի պայմաններում եմ անցկացրել որոշ մասը:
- Պարոն Միասյան, ի՞նչ ծրագրեր ունեք Փարաքարի հետ կապված և ընտրվելու դեպքում ինչի՞ց եք սկսելու:
-Հիմնական խնդիրը, որը ծառացած է Փարաքար և Թաիրով համայնքներում կոյուղագծի, փողոցների լուսավորության, ասֆալտապատման հետ կապված հարցերն են: Չկան նաև խաղահրապարակներ, որպեսզի երեխաները կարողանան խաղալ: Մարզադպրոցը համապատասխան գույք չունի, սպորտդպրոցում սպորտաձևերից միայն բռնցքամարտն է դասավանդվում: Այսինքն՝ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր երեխաները, երիտասարդներն իրենց լավ զգան, իսկ ավագ սերունդն էլ այդ ամենը տեսնի, գնահատի և ուրախանա:
- Ընտրողներնի հետ հանդիպումների ժամանակ ի՞նչ խնդրանք, պահանջ են ներկայացնում Փարաքարի և Թաիրովի բնակիչները:
- Բնակիչները ցանկանում են որ մշտապես համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում լինեն, զգան ղեկավարի աջակցությունը: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք ևս տարիների ընթացքում քիչ-քիչ հնարավոր կլինի լուծել:
- Ի՞նչ կմաղթեք Ձեր ընտրողներին:
- Որ կատարեն ճիշտ ընտրություն: Քարոզարշավի մեկնարկից մինչ օրս ես շրջում եմ տուն առ տուն, բոլորին ներկայացնում եմ իմ ծրագիրը, ծանոթանում եմ նրանց խնդիրներին: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա սեպտեմբերի 29-ին, ժողովուրդն իր որոշումը կկայացնի, և անկախ նրանից, թե ով է իր ձայնը ինձ տվել, ես կշարունակեմ ծառայել բոլորին, որպեսզի համատեղ ուժերով շենացնենք մեր համայնքը:
Արմինե Գրիգորյան