Հիմնականում թիրախավորվում են փաշինյանական կաբինետի հաջողված կադրերը
AnalysisԺամանակ առ ժամանակ լուրեր են սկում շրջանառվել, թե այս կամ այն նախարարից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, կանչել է կառավարություն և ասել է, որ ազատված է աշխատանքից:
Նման չար կատակները դառնում են օրվա թոփ թեմա ու շարունակում են պղտորել ամեն ինչ: Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ պաշտոնից ազատվելու մասին խոսակցությունների ժամանակ խոսքը ոչ թե վատ կամ թերի աշխատող նախարարների մասին է, այլ նրանց, որոնք բավականին լավ են տիրապետում իրենց գործին ու համարվում են Փաշինյանի կաբինետի հաջողված կադրերը:
Ազատման մասին լուրերի մեջ, չգիտես ինչու չենք հանդիպում Շրջակա միջավայրի կամ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների անունները, որոնք ակնհայտորեն վատ են աշխատում: Առավել ևս, որ հասարակությունն այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե այս գերատեսչությունների ղեկավարներն օրվա ընթացքում ինչով են զբաղվում, որքանով են երկրին օգուտ տալիս և այլն:
Նրանք նույնիսկ չեն շփվում լրատվամիջոցների հետ, կառավարության նիստերից հետո հետնամուտքով են շենքից դուրս գալիս, որպեսզի հանկարծ լրագրողի չհանդիպեն: Բայց, զարմանալիորեն, նրանց անունները ազատվողների ցուցակներում այդպես էլ չի հայտնվում:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, որի հոգսերով զբաղվող գերատեսչությունը միացավ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, իր բազում խնդիրներով, կարծես վաղուց մոռացության է տրվել ու մղվել է հետին պլան: Եվ հասկանալի էլ չէ, թե ոլորտում կուտակված խնդիրներից այս պահին քանի՞սն է լուծվել, ինչպե՞ս և ի՞նչ է առհասարակ արվել երկրում գյուղատնտեսության զարգացման համար:
Ստացվում է, որ լրատվական դաշտը հիմնականում զբաղված է հաջողված նախարարներին գործից հանելով, հավանաբար կայացած և իրենց գործի գիտակ նախարարների նյարդերի հետ խաղալու համար, բայց ՀՀԿ-ականների յուրայիններին, չգիտես ինչու խնայում են: Գուցե համարում են, որ նրանք իրենց տեղում ամուր նստած են, ուստի պետք է լավագույններին հանելով զբաղվել:
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին գործից հանել-չհանելու քննարկումներին, ապա այն ավելի ակտիվացավ, երբ նախարարության կողմից կազմակերպվաց վերջին՝ բավական հաջողված զորավարժությունները բարձր գնահատականի արժանացան: Հավանաբար շատերին դուր չեկավ, որ հայտարարված զորահավաքին ավելի շատ մարդ էր մասնակցել, քան նախատեսված էր, ինչը ևս վերջին տասնամյակների համար աննախադեպ կարելի է համարել:
Ամեն դեպքում, իրականության հետ որևէ աղերս չունեցող լուրեր տարածելը, այս ու այն պաշտոնյային թիրախավորելն ու նրա գլխին սարքելը կարծես դարձել է վատ ավանդույթ, որն ուղեկցվում է ոչ թե հստակ ասելիքով, հիմնավորումներով, այլ բամբասանքով:
Այս միտումն, ի դեպ, ակտիվացավ ԱԱԾ տնօրենին և ՀՀ ոստիկանապետին աշխատանքից ազատելուց հետո և շարունակվում է մինչ օրս: Դրա պատճառն այն է, որ իշխանություններն այդպես էլ հստակ չհիմնավորեցին, թե ուժային կառույցների ղեկավարներն ինչու մեկ օրում հեռացվեցին: Սա էլ առիթ դարձավ, որ ենթադրությունների կծիկը մեծանա ու տարածվի մնացածների վրա:
Մինչդեռ, երկիրը զարգացնելու համար պետք է ոչ թե նման բամբասանքներ տարածել, այլ բացթողումների մասին խոսել ու քննադատել: Հակառակ դեպքում կշարունակենք խրված մնալ ճահիճի մեջ ու երկար ժամանակ չենք կարողանա նախկին իշխանությունների ստեղծած գաղջից դուրս գալ:
Արմինե Գրիգորյան