Ես չէի մտածում, թե հետո ինչ կլինի, հոգիս էլ չդիմացավ. ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին՝ դեպքի մասին
SocietyԱյսօր վերջին օրն էր, տան տերն ասել էր, որ պետք է դուրս գամ, 3 երեխաներիս հետ գնացի քաղաքապետարան, որպեսզի հանդիպեի փոխքաղաքապետի հետ, չստացվեց. երեւի թե կուտակված հոգսերից, նեղությունից այդ քայլին գնացի։ Ես չէի մտածում, թե հետոն ինչ կլինի. հոգիս էլ չդիմացավ։ Հիմա մի քիչ հուզմունքով եմ հիշում, բայց այդ քայլը կուտակված վիճակից էր։ Այս մասին այսօր՝ մարտի 4–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց այսօր քաղաքապետարանի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած Սայաթ Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ մոտ 20 օր է, ինչ իր ֆինանսական վիճակը վատացել է, եւ ոչ մի հարազատ չունի, որ օգնության համար դիմի. «9 տարի է՝ վարձով եմ բնակվում, ունեմ 4 երեխա, միշտ ձմեռները կաղում եմ, այս տարի ոչ միայն կաղացի, նաեւ ընկա։ Ոչ ոք չունեմ, որ դիմեմ, ինձ ձեռք մեկնեն, հաղթահարեմ այս ծանր կացությունը. Գարնանն է գործը մի փոքր լավանում»։
Քաղաքացու խոսքով՝ դիմել է ե՛ւ թաղապետարան, ե՛ւ քաղաքապետարան, որպեսզի ինչ որ ձեւով իրեն օգնեն. «Թաղապետարանից հույս հայտնեցին, որ ինչ-որ ձեռք կմեկնեն, խոսեցին տանտիրոջ հետ, որ գոնե մի քանի օր ինձ տնից դուրս չհանեն։ Թաղապետի միջնորդությամբ նամակս ուղարկվել էր քաղաքապետին։ Անցավ եւս 10 օր, նամակի պատասխանը չստացա։ Իմացա, որ նամակը հասել է փոխքաղաքապետին, այնուհետեւ իջել է սոցբաժին։ Գնացի՝ իրենց հետ էլ հանդիպեցի, իմացա, որ նման ֆոնդեր չկան, միայն կարող են առակայական օգնություն ցուցաբերել։ Բայց ինձ դեռեւս ոչ մի առարկայական օգնություն չի ցուցաբերվել»։
Սայաթ Հայրապետյանի խոսքով՝ մոտ 5 օր է փորձում է փոխքաղաքապետին հանդիպել, սակայն ապարդյուն։
«Վերջիվերջո քաղաքացի եմ, նեղվում եմ, մտածում եմ՝ իրենք ավելի շուտ կարող են ինձ օգնել, հարցս լուծեն, ավելի լսելի դառնա իմ ձայնը, բայց չի ստացվում։ 1 պատուհանից զանգում եմ, ասում են՝ այստեղ չի, տեղում չի, գործուղման է, ընդունելություն չկա, ձեր համարը տվեք՝ մենք կզանգենք եւ այլն»,– ասաց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանի մոտից իրեն տարել են ոստիկանության բաժին, ապա՝ հոգեբուժարան. «Ոստիկանություն եկան հոգեբուժարանից, սկզբում համաձայնության եկանք, որ ես չեմ գնա, քանի որ ադեկվատ էին ինձ համարում, սակայն մի քանի րոպե անց ոստիկանության տարբեր աշխատակիցների միջնորդությամբ տարան հոգեբուժարան, որտեղ մոտ 2 ժամ մնացի, պարզվեց, որ չունեմ հոգեկան շեղումներ։ Հետ եկա ոստիկանություն, որտեղից կինս արդեն երեխաներիս վերցրել էր եւ տուն բերել»։
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հայտարարությունը, թե քաղաքապետարանն օժանդակել է իրեն բնակտարածք եւ հողամաս ձեռք բերելու հարցում, Հայրապետյանը հերքեց. «Ինձ նման առաջարկություն չի արվել, ես այդ ամեն ինչից հետո, որ նորից եկել եմ քաղաքապետարան, այդ ժամանակ նոր ինձ ասել են, որ հնարավոր է՝ լինեն նման բաներ, իսկ մինչ այդ նման առաջարկներ ընդհանրապես չեն եղել»։
Հայրապետյանի խոսքով՝ տան վարձակալության ամսավճարը 60 հազար դրամ է, սակայն այս պահին կուտակվել են 2 ամսվա վարձն ու կոմունալ վճարները, այժմ կանգնած է դրսում հայտնվելու վտանգի առջեւ։ Քաղաքացին հույս հայտնեց, որ վաղը թաղապետի հետ հանդիպումը դրական արդյունք կտա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ կեսօրին մոտ, քաղաքացին ինքնահրկիզման փորձ է ձեռնարկել Երեւանի քաղաքապետարանի առջեւ, սակայն տեղում հերթապահություն իրականացրած ոստիկանները կանխել են ողբերգական զարգացումը։ Ոստիկաններից մեկն էլ ասել էր, որ տղամարդուն հաճախ են տեսել քաղաքապետարանում։ Ի դեպ նա մենակ չէր գնացել քաղաքապետարան, այլ իր 3 անչափահաս երեխաների հետ։ Ոստիկանները նրան տեղափոխել են Երեւանի ոստիկանության կենտրոնի բաժին։ Ավելի ուշ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ քաղաքացուն տեղափոխել են բուժհաստատություն։