«Կարծում եմ, Արթուր Վանեցյանի պասիվությունը ֆորսմաժորային իրավիճակով է պայմանավորված». Գագիկ Համբարյան
InterviewՔաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ ուժեղ ընդդիմություն չունեցող երկրները չեն կարող ժողովրդավարական համարվել, իսկ մեր դեպքում՝ Փաշինյանը պետք է ուրախ լինի, որ երկրում ուժեղ ընդդիմադիր բևեռ ձևավորվի:
Կիսամեռած վիճակում հայտնված ըննդիմության դեպքում քաղաքական դաշտը շատ արագ կլճանա և երկիրը կվերածվի բռնապետության Orer.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը: Համբարյանը թեև հույս ուներ, որ հետհեղափոխական Հայաստանում ընդդիմադիր ուժերը դժգոհ մասսային իրենց շուրջ համախմբելու ուժ, այնուամենայնիվ, կունենան, բայց, ստացում է, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով իրական պատկերը բոլորովին այլ ստացվեց:
«Պետք է հաշվի առնել, որ 94 թվականներից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը փակեց ՀՅԴ կուսակցությունը, Հայաստանում ժողովրդավարության մասին լիարժեք խոսելն ավելորդ դարձավ, քանի որ դրանից հետո եկած իշխանությունները գերադասեցին գործ ունենալ ավելի վերահսկելի և կանխատեսելի ընդդիմադիր ուժերի հետ:
Հիմա Նիկոլ Փաշինյանը ևս, նախորդ իշխանությունների նման, գերադասում է նախորդ իշխանությունների օրոք ձևավորված, վերահսկելի և կանխատեսելի ընդդիմություն ունենալ: Մյուս կողմից, փաշինյանական վարչակարգն ամեն ինչ անում է, որ երկրում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր հզոր դաշտ չձևավորվի: Ընդդիմադիր գործիչներն էլ հասկանալով, որ դեռ բավական բարձր է երկրում իշխանությունների վարկանիշը, գերադասում են քավության նոխազ չդառնալ: Եվ այդ պատճառով է, որ երկրում ընդդիմադիր բևեռը կաղում է»,- ասաց Գ. Համբարյանը:
Խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ քաղաքական հայտ ներկայացնելու մասին, քաղաքագետի կարծիքով, բոլորը կարող են նման հայտ ներկայացնել, բայց, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, դժվար է արագ, կտրուկ և ակտիվ քայլեր ձեռնարկել ու իրականացնել:
«Անցած 30 տարիների ընթացքում հատուկենտ դեպքեր են եղել, երբ ինչ-որ մեկին հաջողվեր կարճ ժամանակում մեծ հաջողության հասնի: Առավել ևս, որ շատերն այս կամ այն փուլում միմյանց հետ համագործակցել են: Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ գործ ունենք քաղաքականապես բավական սակավ գրագիտություն ունեցող հասարակության հետ: Ուստի այն անձիք, ովքեր փորձում են ընդդիմադիր դաշտում քայլեր իրականացնել, փորձում են շատ զգույշ լինել և լավ հաշվարկել իրենց քայլերը:
Պետք չէ մոռանալ նաև, որ Փաշինյանի քայլերը բռնապետական երանգներ ունեն, որը նա չի էլ թաքցնում: Բայց, ինչքան իշխանությունները սոցիալ-տնտեսական դաշտում կոպիտ սխալներ թույլ տան, այնքան ըննդիմության դաշտում գործելու հայտ ներկայացնողների թիվն ավելի կմեծանա»,- ասաց Գ. Համբարյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ իշխանությունները թույլ են տալիս կոպիտ սխալներ, որոնցից ըննդիմությունը կրկին չի օգտվում: Ըստ Համբարյանի, օրերս, Փաշինյանի՝ ԱԺ-ում վարկային արձակուրդի կամ օրավարձով աշխատողների մասին հայտարարությունները մեծ նվեր էր ընդդիմադիր գործիչների համար: Բայց, ցավոք, արտախորհրդարանական քաղաքական ուժերը դա ևս անտեսեցին: Սա կրկին խոսում է այն մասին, որ շատերը չեն ցանկանում պիտակավորվել և այդ պատճառով էլ խուսափում են այս շրջանում ակտիվություն ցուցաբերելուց:
«Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի քայլին, պետք է նկատել, որ նա թեև հզոր ընդդիմություն ձևավորելու առաջին քայլը կատարեց, բայց հայտ ներկայացնելուց հետո մինչև օրս որևէ կոնկրետ քայլ չի կատարել: Դա, կարծում եմ, այսօրվա ֆորսմաժորային իրավիճակով է պայմանավորված և, փաստորեն, առայժմ պետք է սպասենք, հասկանալու համար, թե նա հետագայում ինչ քայլեր կձեռնարկի:
Ես կասկած չունեմ, որ Հայաստանում բավական ուժեղ ընդդիմություն կձևավորվի, քանի որ մեր երկրում շատ խնդրահարույց հարցեր կան, սոցիալական պայթյունների վտանգը շատ մեծ է: Եվ եթե Փաշինյանին չհաջողվի երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը կարգավորել, ապա այն կբերի քաղաքական ընդդիմության աշխուժացմանը, նոր ուժերի ձևավորմանը և քաղաքական ցնցումները շատ չեն ուշանա: Սա ավելի տեսանելի է դառնում, հատկապես, ներկայում սպասվող համաշխարհային տնտեսական ճգնաժամի ֆոնին»,- ասաց Գ. Համբարյանը:
Արմինե Գրիգորյան