Մսի վաճառքն իրականացվում է խիստ վերահսկողության ներքո
EconomicsOrer.am-ը բազմաթիվ հարցեր է ստանում սպառողներից: Նրանց հետաքրքրում է, թե արդյո՞ք խանութում վաճառվող միսը վտանգավոր չէ և արդյո՞ք այն չի կարող դառնալ կորոնավիրուսով վարակվելու պատճառ:
Հարցի մասին պարզաբանում ստանալու համար Orer.am-ը դիմեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, պարզելու համար, թե համաճարակի այս օրերին ինչպե՞ս է կազմակերպվում կենդանիների մորթը, մսի տեղափոխումը խանութներ և սննդի օբյեկտներ:
Բացի այդ, տեսչական մարմնի լրատվական ծառայությանը խնդրեցինք պարզաբանել, թե տեղաշարժի սահմանափակումների պայմաններում մարզերից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ինչպե՞ս է իրականացվում մսեղիքի տեղափոխման սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հարցի վերահսկողությունը և արդյո՞ք խանութում վաճառվող միսը վտանգավոր չէ:
ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ վաճառվող միսը վտանգավոր չէ. «Երևանի սուպերմարկետներում վաճառվում է միայն սպանդանոցային ծագման միս:
Մարզերում գործում է սովորական ընթացակարգը, այսինքն՝ միսը երկրորդ ձևով տեղափոխվում է իրացման ցանց, որտեղ անասնաբուժ-փորձագետի ստուգումից հետո տարվում է իրացման: Մենք շարունակում ենք վերահսկողությունը:
Ավելի խիստ ենք մսի տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ու ախտահանման նկատմամբ: Բնականաբար, պահանջում ենք, որպեսզի աշխատակազմը՝ բոլորը, կրեն ձեռնոց ու դիմակ, միսը մասնատել-վաճառելուց յուրաքանչյուր գործողությունից հետո փոխեն ձռնոցները, օճառով լվացվեն և ձեռքերն ախտահանեն ալկոգելով: Եվ, ինչպես արդեն ասել ենք, կորոնավիրուսը սննդամթերքի միջոցով մարդուն վարակել չի կարող»:
Արմինե Գրիգորյան