«Թափթփված, չիմաստավորված ու չգնահատված աշխատանքի արդյունք.ավելի ծուռ հայելի գոյություն չունի». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Պետք չէ հուզվել ու ապակողմնորոշվել կառավարության 2019թ. կատարողականից: Պետք էր պարզապես արածի կամ չարածի վերաբերյալ իմիտացիա անել, որն արեցին: Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի տնտեսական հատվածի վերաբերյալ նման կարծիք ունի տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Կառավարությունը ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրել, բայց տնտեսագետն այլ պատկեր է տեսնում:
«Այն, ինչ եղել է, նման է գոյությունը պահպանելուն: Սկսած ֆիզիկական անձանցից, վերջացրած տնտեսվարող սուբյեկտներով: Գոյատևում ենք, բայց նկարագրվում է այնպես, թե իբրև բարձունքներ ենք հաղթահարում:
Սա առնվազն ծիծաղելի է: Հայաստանի՝ առանց այդ էլ տխուր տնտեսությունը անցած երկու տարիների ընթացքում կարողանում էր պարզապես «չզոհվել», ինչը պայմանավորված էր նախկինում կառուցված որոշ հիմքերի և ինստիտուտների հետ:
Բայց անցած երկու տարիների ընթացքում ոչինչ չի արվել: Եթե խոսենք տնտեսական շրջանառության տեսանկյունից, ապա այս առումով պարզագույն ցուցիչը կապիտալ ծախսերն են, որոնք թերակատարվել են: Ցուցիչ են նաև ներդրումները, որոնք չեն եղել: Այս դեպքում ի՞նչ զարգացման մասին է խոսքը, կամ ո՞վ է խթանել զարգացումը:
Պարզ չէ՞, որ սարսափելի փոքր շրջանառության պարագայում անգամ աննշան փոփոխությունը վիճակագրական ծառայությունների համար կարող է տնտեսական աճի ամպագոռգոռ՝ 7,8, 7,6 տոկոս թվեր բերել:
Բայց եկեք բոլոր թվերը շպրտենք մի կողմ ու տեսնենք՝ երկիրն առաջընթաց գրանցե՞լ է, բարեկեցության աճ կա՞, թե՞ ոչ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Բոստանջյանը՝ նշելով, որ առհասարակ երկու խնդիր պետք է լուծել:
«Մեկը՝ տնտեսական, մյուսը՝ սոցիալական ապահովվածության խնդիրն է: Ե՛վ առաջինի, և՛ երկրորդի դեպքում մենք տխուր վիճակ ունենք:
Դրան էլ գումարվել է համավարակը, որն իր հետ ճգնաժամային, կնճռոտ ու գրեթե չկառավարվող ռիսկեր է բերել: Եվ այս պայմաններում թմբկահարել, ասել՝ արել ենք, դրել ու վերցրել, առնվազն զավեշտի ժանրից է»,-նկատեց մեր զրուցակիցը:
Տնտեսագետի հետ զրույցում անդրադարձանք կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու նպատակով տրվող աջակցության ծրագրերի հետ կապված մի խնդրի, որին այս փուլում արդեն բախվել է կառավարությունը:
Վերջերս հայտարարվեց, որ շահառու չհանդիսացող մարդիկ աջակցության գումար են ստացել: Շեշտվեց նաև, որ նրանք պետք է վերադարձնեն այդ գումարները:
Վարդան Բոստանջյանը նշեց, որ սա հասցեականության խնդրի լավագույն օրինակն է, որի մասին տնտեսագետները դեռ ծրագրերի առաջին փուլում էին զգուշացրել: Նա այստեղ ոչ թե շահառուների, այլ պատասխանատուների դերի մասին է ընդգծում:
«Առհասարակ, կարող են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ շահառուներ ծագել: Բայց հարցն այլ է: Խնդիրը դժվար իրավիճակներում ճիշտ, կոմպետենտ, իրավասու և գործին տիրապետող կառավարողի համատեքստում է: Այդ գծերով օժտված կառավարողը նման դեպքերում իր առաջ ծառացած իրականությունը բաժանում է երկու մասի. սոցիալական խնդիրների լուծում և տնտեսության օժանդակություն:
Հիմա մենք չունենք այնքան ֆինանսական հնարավորություններ, որ առատորեն և՛ մեկը, և՛ մյուսն իրականություն դարձնենք:
Բայց, միևնույն ժամանակ, պետք է այնպիսի մոտեցում լինի, որ, ժողովրդական խոսքով ասած, «ո՛չ շիշը վառվի, ո՛չ խորովածը»: Հիմա, այսպես կոչված, փաթեթների թիվը հասել է 17-ի, բայց մինչ օրս հասցեականություն ու առարկայականություն չենք տեսնում:
Դեռ հարց է, թե դրանք որքանո՞վ են նպաստ բերում տնտեսվարող սուբյեկտներին և որքանո՞վ են լուծում սոցիալական խնդիրները:
Ընդհանուր առմամբ, սա նշանակում է, որ գոյություն ունի իմիջիայլոց աշխատանք, որը հաշվարկված և իմաստավորված չէ»,-ընդգծեց տնտեսագետը՝ շեշտելով, որ պարզ չէ, թե ո՞ւր են ուղղվում, ինչո՞ւ և ի՞նչ նպատակով են այդ հատկացումներն արվում:
Նա շեշտեց, որ այս ամենի արդյունքում էլ բախվում ենք այն խնդրին, ըստ որի՝ աջակցություն են ստանում այն անձինք, որոնք, միգուցե, իսկապես պետք է չստանային այն: «Գոյություն չունի նաև նպատակայնություն:
Հիշո՞ւմ եք՝ ավելի վաղ էլ հայտարարում էին՝ ում պետք չէ, գումարը տվեք ուրիշին: Սա էլ է զավեշտի օրինակներից մեկը: Ընդհանուր առմամբ, այս ամենը ապաշնորհ, թափթփված աշխատանքի արդյունք է, որը նաև իմաստավորված ու գնահատված չէ: Աշխարհում ավելի ծուռ հայելի գոյություն չունի»,-եզրափակեց տնտեսագետը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում