Դավիթաշեն համայնքում կառուցապատողի կողմից թույլ տված ինքնիրավչությունը կվերացվի
AnalysisՄայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամասի բնակիչներն օրերս Orer.am լրատվական-վերլուծական կայքի խմբագրություն էին դիմել բողոքով, որ դեպի թիվ 20 պոլիկլինիկա տանող ճանապարհը շինարարության պատճառով գնալով նեղանում է: Ավելին, ճանապարհի ողջ երկայնքով առանց հիմքի և շաղախով ամրացնելու երկու-երեք մետր բարձրությամբ բազալտե քարեր են տեղադրվում, ինչը մեծ վտանգ է ներկայացնում այդ ճանապարհահատվածի անցորդների համար: Այսինքն, ստացվում է, որ մի կողմից՝ դեպի պոլիկլինիկա տանող ճանապարհն է նեղանում քաղաքացիներին զրկելով երկկողմանի երթևեկության հնարավորությունից, մյուս կողմից այդ հատվածը զրկվել է հետիոտնի համար նախատեսված մայթից, իսկ փողոցով քայլելը դարձել է խիստ վտանգավոր:
Նշենք, որ նշված հողատարածքը, որտեղ այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում, գրանցված է Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայության հիմնադիր նախագահ Լևոն Պարդագճյանի անունով: Մենք փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն հարցը լսելուց հետո նա ասաց, որ իրեն հարմար չէ մեզ հետ խոսել և անջատեց հեռախոսը, իսկ մեր հետագա զանգերն այդպես էլ մնացին անպատասխան: Պարզելու համար, թե համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի հանդեպ կառուցապատողի կողմից համայնքային տարածքը փաստացի յուրացնելու փորձն ինչու ժամանակին չի կանխվել և ինչու մինչ օրս Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարությունը այդ հատվածն ազատելու քայլեր չի ձեռնարկել, Orer.am-ը դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին:
Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետի մամուլի քարտուղարն ասաց.
«Դեպի Տիգրան Պետրոսյան փողոց կառուցապատում իրականացնող ընկերությունը հողային աշխատանքներ է իրականացրել և փորված հողի մի մասը լցրել է հողակտորի հետևի հատվածում, ինչը ըստ էության ինքնիրավչություն է, քանի որ նշված հատվածը համայնքային հող է: Համայնքապետարանը պատրաստվում է հողի այդ հատվածում գեոդեզիական չափումներ իրականացնել, հստակեցնել հանրային նշանակության հատվածը և բարեկարգել, իսկ մյուս հատվածը, որը դուրս կլինի հանրային նշանակության հատվածից բաց աճուրդով կիրացվի»:
Թե ե՞րբ կառուցապատողի կողմից իրականացված ինքնիրավչությունը կվերացվի և ճանապարհի այդ հատվածը ե՞րբ կվերադարձվի բնակիչներին, դժվար է ասել, բայց հուսադրողն այն է, որ բնակիչների կողմից բարձրացված հարցերը չմնացին անպատասխան: Մնում է որ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարությունը հացին շուտափույթ լուծում տա, քանի որ ինքնաշեն պատն ամեն վայրկյան կարող է փլուզվել ու ողբերգության պատճառ դառնալ: Մյուս կողմից այս հարցին շուտափույթ լուծում տալու դեպքում բողոքող բնակիչները համոզվեն, որ մայրաքաղաքում, իսկապես, իրավիճակ է փոխվել և մայրաքաղաքի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող վարչական շրջանների ղեկավարները ևս ձեռքերը ծալած չեն նստում և ամեն ինչ անում են իրենց բնակիչների անվտանգությունն ապահովելու և կառուցապատողների կողմից անօրինականություններ թույլ չտալու և վերացնելու համար:
Արմինե Գրիգորյան