«Զարմանում եմ, որ ժամանակին տարված եմ եղել դերասանությամբ», Աննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ նոր համագործակցության մասին
InterviewԴերասանուհի Աննա Հարությունյանն արդեն տևական ժամանակ է` զբաղված է ռեժիսորական գործունեությամբ: Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինն ավարտելուց հետո նա նկարահանեց իր դեբյուտային` «Անիկո» ֆիլմը, որը մինչև այսօր շարունակում է մրցանակների արժանանալ:
Tert.am Life–ի հետ զրույցում Աննան ասաց, որ վերջին մրցանակը հենց երեկ է ստացել:
«Հետաքրքիր է, երբ մի բան ամբողջ սրտով ես անում, առանց որևէ ակնկալիք ունենալու, այն գտնում է իր հաջողությունը: Այսպես եղավ նաև մեր «Անիկոյի» դեպքում, որն արդեն միջազգային 8 մրցանակների դափնեկիր է, ինչի համար շնորհավորում եմ մեր ստեղծագործական խմբին: 8-րդ մրցանակը, որը երեկ ստացանք, «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնում լավագույն լիամետրաժ ֆիլմ ճանաչվելու առթիվ էր: Նախավերջինն էլ Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերներ» փառատոնն էր, որտեղ ֆիլմը ճանաչվեց լավագույն մանկական ֆիլմ»,-ասաց նա:
Աննայի խոսքով` նոր գաղափարներ ունի` նոր ֆիլմի հետ կապված, որի նկարանումները պլանավորում են գարնանը, իհարկե, եթե մոլորակը վերջապես հանդարտվի: «Ֆիլմի թեման արդի բժշկությունն ու գիտությունն են, դրանց անփոխարինելի դերն այսօրվա մարդու կյանքում, և թե ինչքանով դրանք կարող են բարելավել մարդու կյանքն իրենց վախենալու աստիճանի արագ զարգացմամբ ու աստվածայինին հասնելու անհագ ցանկությամբ : Ֆիլմում անրադառնալու ենք մի խնդրի, որը ոչ միայն հայերիս է վերաբերում, այլ նաև համամարդկային է: Ֆիլմի անունը «ԲԻԲԱԲՈ» է»,-նշեց նա:
Աննայի փոխանցմամբ` հիմա զբաղված են դերասանական կազմի ընտրությամբ: «Դա ամենաբարդ և հետաքրքիր փուլն է, որում գտնվում ենք, քանի որ ֆիլմում բոլոր կերպարները բազմաշերտ են և հանդես են գալիս իրենց ուրույն ասելիքով: Գլխավոր դերում հանդես կգա Միքայել Պողոսյանը, որը նաև ֆիլմի մտահաղացման հեղինակն է, ինչպես նաև սցենարի համահեղինակը. սցենարը գրել ենք երկուսով: Ես ֆիլմում հանդես կգամ միայն որպես բեմադրող ռեժիսոր»:
Վերջին նախագիծը, որում Աննան հանդես է եկել որպես դերասանուհի, եղել է «Ուրիշի հոգի» հեռուստասերալը, որը 2015 թվականին էր: Նրանից հետաքրքրվեցինք` կա՞ կարոտ դեպի տեսախցիկի մյուս կողմը:
«Անցնելով տեսախցիկի հակառակ կողմը և վայելելով այն աշխարհն ու մթնոլորտը, որը ստեղծում ես բեմադրողի կարգավիճակում՝ նույնիսկ զարմանում եմ, որ ժամանակին տարված եմ եղել դերասանությամբ: Իհարկե աշխատանքս կատարել եմ նվիրումով, ես նվիրվել գիտեմ, որը, երևի թե ավելին է, քան սերը կամ սիրո բարձրագույն ձևն է: Կապ չունի` ինչով եմ զբաղված` կենցաղից մինչև արվեստ , միևնույն է, ինքնանվիրվում եմ: Չգիտեմ, երբևէ կվերադառնամ դերասանությանը, թե ոչ, ոչինչ հարատև չէ, ինքներս համոզվեցինք, որ ապագան իրոք անկախատեսելի է: Ո՞վ կպատկերացներ, որ նույնիսկ օդ շնչելը խնդիր կդառնա: Կարծում եմ հաջողության բանալին կենտրոնացումն է, այժմ միայն ռեժիսուրայի վրա եմ կենտրոնացած»,-ասաց նա:
Հարցին` թե չի՞ վախենում մոռացվել հեռուստադիտողի կողմից, Աննան պատասխանեց. «Ավելի լավ, թող մոռանան ու նորովի ճանաչեն ինձ: Շատերին կարող են սիրել, բայց միայն քչերին՝ հարգել: Երբ չեմ ձգտել հայտնիության և երբեք էլ չափազանց ճանաչված չեմ եղել: Բայց երբեմն-երբեմն հնչած հաճոյախոսությունների արանքից կարողացել եմ տեսնել իսկականը, և դա ինձ առաջ շարժվելու ուժ է տվել»:
Իսկ այն հարցին, թե հայկական ֆիլմարտադրության մեջ ի՞նչ բացթողումներ կան, Աննան պատասխանեց. «Ոչ ոքի չեմ ցանկանում մեղադրել, ինքս էլ կինոարտադրող եմ և պարտավոր եմ պատախանատվություն կրել իմ արած աշխատանքի համար: Մեր երկիրը, ճիշտ է, անգրկելի է իր հոգևոր կերտվածքով, բայց և փոքր՝ իր տարածքով: Այստեղ ամեն մի վրիպում մեզ ետ է տանում, ուստի` կցանանայի առհասարակ բոլոր ոլորտներում պատասխանատվության զգացումը պատվի աստիճանի բարձրանար: Գուցե մեր ֆիլմը առաջին կարգի փառատոններում չի հաղթել, բայց ես ուրախ եմ և երախտապարտ, որ մեր թիմը պատվով է բարձրացրել մեր սիրելի եռագույնը»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ