«Խնդիրը նաև վերահսկողությունն է. եթե ոչ սպասված, ապա գոնե անակնկալի չբերող նախագիծ». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ըստ նախագծի՝ Հայաստանի տարածքում հաշվառված, ինչպես նաև չհաշվառված 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները կվճարեն ճանապարհային վճար:
Ճանապարհային վճարի դրույքաչափը ավտոմոբիլային ճանապարհի անցած յուրաքանչյուր կիլոմետրի համար կսահմանվի մինչև 50 դրամ: Նախագծում շեշտվել է նաև ճանապարհային վճարի հիմքում առկա ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակի մասին: Անդրադառնալով նախագծին՝ ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց, որ առաջարկվող փոփոխությունները բխում են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցառումների ճանապարհային քարտեզից:
«Այդուհանդերձ, ասել, որ նոր փոփոխություն է, մի քիչ սխալ կլինի: Ներկայումս էլ է ճանապարհային վճար գանձվում: Բայց, ի տարբերություն նոր նախագծի, այն նախատեսված է ՀՀ-ում չհաշվառված ծանրաքաշ մեքենաների համար: Բացի այդ, նոր նախագծով կառավարությանը հնարավորություն է ընձեռվում յուրաքանչյուր տարի փոփոխել այդ վճարի չափը»,-ասաց Ս. Ղահրամանյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ, ծայրահեղ հակափաստարկներով կարծիքների չի հանդիպել:
«Մեծ հաշվով, սա եթե ոչ սպասված, ապա անակնկալի չբերող նախագիծ է: Սակայն այստեղ խնդիր կա կապված մեր ասֆալտի որակի հետ: Միևնույն է, ճանապարհները վնասվելու են, որովհետև ասֆալտի որակը բավարար չէ: Նույնիսկ եթե կրկին ասֆալտապատեն արդեն վնասված հատվածները, որակը նորից այնքան էլ բավարար չի լինի: Այսինքն, մենք դեռ ապահովագրված չենք, որ որակյալ ասֆալտ կունենանք: Մյուս կողմից՝ ՀՀ բյուջեի եկամուտները կավելացվեն 2 մլն դրամով, որը, կարելի է ասել, եղած չեղած միևնույն է, դժվար թե տարբերություն լինի»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այստեղ խնդիրը նաև վերահսկողությունն է:
«Քանի որ այն վերապահվելու է տեսչական մարմիններին, չեմ կարծում, որ տեսչական մարմինը, որը պետք է վերահսկողություն իրականացնի, կկարողանա իր պարտականությունները պատշաճ իրականացնել: Ընդհանուր առմամբ, փակ շղթա ունենք, կարծիքներն ուղիղ երկու մասի են բաժանվում. մի մասն ասում է՝ պետք է նախ որակ լիներ, այնուհետև գումար գանձվեր, մի մասն էլ կարծում է՝ եթե գումարը լինի, որակն էլ կլինի: Ապրելով Հայաստանում, այս իրականությունում՝ կարող եմ ասել, որ երկու կողմերն էլ ճիշտ չեն, բայց նաև երկու կողմերն էլ վստահաբար սխալ չեն»,-նկատեց նա՝ շեշտելով, որ, օրինակ՝ չենք կարող վստահ լինել, որ գումարի դեպքում հաստատ որակյալ ասֆալտ կլինի:
«Այնուամենայնիվ, հիմա ինչ-որ գումար է ավելացվում ճանապարհային վճարի տեսքով: Այդքան էլ վստահ չեմ, բայց, միգուցե, ճանապարհների որակը կբարձրանա, այնուհետև վերոնշյալ գումարի չափը ևս կբարձրանա: Ես մի խնդիր էլ եմ ուզում մատնանշել: Վերոնշյալ մեծ մեքենաները Հայաստանում այդքան էլ շատ չեն, բայց կան, օրինակ՝ 3,5 տոննայից մինչև 12 տոննա զանգված ունեցող այլ բեռնատարներ, որոնք իսկապես վնասում են ճանապարհածածկը: Հենց այս տեսակներին է պետք ավելի մեծ ուշադրություն դարձնել, որովհետև նախագծում մատնանշված մեքենաները քիչ են, հետևաբար՝ նաև հեշտ վերահսկելի:
Իսկ իմ մատնանշած այդ մեքենաներն ավելի շատ են, և ավելի շատ են վնասում ճանապարհածածկը: Իսկ վնասման պատճառն ասֆալտի ոչ պատշաճ որակն է: Եվ հարց է առաջանում՝ եթե ասֆալտը պատշաճ որակի լիներ, արդյոք կվնասվե՞ր, թե ոչ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն: Այդուհանդերձ, կարծում եմ, մենք հանգուցալուծումը շուտ չենք կարող ստանալ: Ամեն դեպքում, դեռ պետք է սպասել, որ գոնե միջին կամ միջինից բարձր որակի ասֆալտ լինի»,-հավելեց նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում